կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-28 15:44
Իրավական

Բեռնափոխադրումների ոլորտում մենաշնորհ դիրք ունեցող հայաստանյան ընկերության ղեկավարները կալանավորվեցին

Բեռնափոխադրումների ոլորտում մենաշնորհ դիրք ունեցող հայաստանյան ընկերության ղեկավարները կալանավորվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունն ու երկամսյա կալանավորման որոշում կայացրել բեռների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ զբաղվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանի, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի և հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանի նկատմամբ:

Առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց չարամտորեն խուսափելու գործով ձերբակալված ևս մեկ անձի` ընկերության գանձապահ Մարինե Առաքելյանի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ Արմեն Ունանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Սամվել Անդրիասյանը, իսկ Տիգրան Զոհրաբյանի, Սիմոն Առաքելյանի և Մարինե Առաքելյանին պաշտպանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Անդրիկյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալների հետ խորհրդակցելուց հետո կալանքի որոշումը կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Համաձայն ԱԱԾ տվյալների` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում) գրանցված, սակայն Հայաստանում գործունեություն ծավալող «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Համաձայն քննության տվյալների` ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ` անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր:

Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ: Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, առնչություն են ունեցել ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման գործում: