կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 17:31
Քաղաքական

Ինչո՞ւ էդպես` դափոններով, պաչկաներով, էժանով վաճառվեցին ձեր հանձնաժողովի անդամները. Զոհրաբյանի զայրույթը չի մեղմանում

Ինչո՞ւ էդպես` դափոններով, պաչկաներով, էժանով վաճառվեցին ձեր հանձնաժողովի անդամները. Զոհրաբյանի զայրույթը չի մեղմանում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ֆինանսական վարկի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ և փորձեց հակադարձել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք վերջին օրերին քննադատել էին ԲՀԿ-ին: ԲՀԿ-ական տիկինը չցանկացավ բավարարվել այսքանով և որոշեց նիստի վերսկսվելուն պես կրկին բարձրացնել այս հարցը:

«Երկու օր է` այստեղ նախատոնական ադրենալինով ոգևորված ինչ-որ քաղաքական ուժեր, գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դատափետում էին ԲՀԿ-ին: Մեկ հարց եմ ուզում ուղղել` ո՞ւր էին ձեր հանձնաժողովի անդամները, ինչո՞ւ էդպես` դափոններով, պաչկաներով, էժանով վաճառվեցին ձեր հանձնաժողովի անդամները: Թերթեք հայաստանյան մամուլը և կտեսնեք, որ բազմաթիվ են հրապարակումները: Կրկնում եմ` դատավորի կեցվածք ընդունելուց առաջ հետևեիք, որ հանձնաժողովի ձեր անդամները լինեին իրենց տեղերում, ոչ թե էժանով վաճառվեիք»,- վրդովված հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով. «Ի դեպ, նախորդ համապետական ընտրությունների վաճառքի համեմատ, աճուրդի մեկնարկային գինն ասեմ, որ տվյալ հանձնաժողովում եղել է բավական ցածր: Այնպես որ` ինչ-որ շոուներ սարքելու փոխարեն զբաղվեք ձեր քաղաքական ուժերով: Կրկին կոչ եմ անում ԲՀԿ-ին հանգիստ թողնել: Մի\' ընկեք քաղաքական ցայտնոտի մեջ միայն այն պատճառով, որ որևէ կերպ ձեզ չի հաջողվում ԲՀԿ-ին տեղավորել ձեր քաղաքական օրակարգի մեջ: Հաշտվե\'ք այդ մտքի հետ»:

Զոհրաբյանի ելույթին արձագանքեց փոխխոսնակ Նաղդալյանը և նշեց, որ բոլորին կոչ է անում տեղավորվել կանոնակարգի պահանջների մեջ: