կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 16:56
Հասարակություն

1921 թ. մեր ազգային պետական շահերը վաճառվեցին մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային

1921 թ. մեր ազգային պետական շահերը վաճառվեցին մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային

ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար, որը կրում էր «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագիրը և Հայաստանը» խորագիրը: Հիմնական բանախոսը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանն էր, ով նաև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի վերաբերյալ գիտական մենագրության հեղինակ է: Նա Մոսկվայի պայմանագիրը ռուս-թուրքական գործարք համարեց, որը կնքվել էր` առանց Հայաստանի ներկայացուցչի մասնակցության: Այս, ինչպես և Ալեքսանդրապոլի, պայմանագրերով տեղի ունեցավ Մեծ եղեռնից հետո 2-րդ խոշոր վնասը հայ ժողովրդի համար, այն է` մեր տարածքների կորուստը: Պատմաբանը ներկաներին առաջարկեց, 2021 թ. ընդառաջ, ստեղծել մասնագիտական հանձնախումբ, մի քանի լեզվով պատրաստել փաստաթղթերի, քարտեզների, ուսումնասիրությունների ամբողջական փաթեթ` ներկայացնելու համար Ազգային ժողով և միջազգային համապատասխան ատյաններ: Ըստ Արարատ Հակոբյանի` այս նախաձեռնությունն ունի արդիական շեշտադրումներ և կարող է օգտակար լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու Արցախյան հիմնահարցի լուծմանը:

Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր խոսքում բարձրացրեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի` մերօրյա արժևորման անհրաժեշտությունը և մասնավորապես դրանց քաղաքական գնահատական տալու կարևորությունը: «Մեր ժողովրդի կյանքում 1921-ը ճակատագրական նշանակություն ունեցող տարեթիվ է եղել հատկապես տարածքների կորստի առումով: Խորհրդային շրջանում կար մի խնդիր, որին մեր ավագ սերնդի ներկայացուցիչները շատ զգուշորեն էին անդրադառնում, բայց մենք ավելի բաց տեքստով կարողացանք գրել և բարձրաձայնել: Խոսքը համապատասխանաբար 1921 թ. մարտի 16-ի և հոկտեմբերի 13-ի Մոսկվայի ու Կարսի չարաբաստիկ պայմանագրերի մասին է: Այն, ինչը մեր ինստիտուտի աշխատակիցները թղթին են հանձնել մենագրությունների տեսքով և «Հայոց պատմության»` մեր պատրաստած ակադեմիական հատորում է տեղ գտել, այդ ամենից մենք չենք հրաժարվում», ասաց Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով` իրենք 1921 թ. փետրվարի 18-ը համարել են ապստամբություն, որը բացարձակապես կապ չուներ Մոսկվայի պայմանագրում քառակողմ կոնֆերանսը երկկողմ կոնֆերանսի վերածելու հետ: Խորհրդային իշխանությունն ամբողջ Հայաստանում տապալված չէր, և Ալեքսանդր Բեկզադյանին թույլ չտալը Մոսկվայի կոնֆերանսին մասնակցել, կապ չուներ այն բանի հետ, որ Հայրենիքի փրկության կոմիտեն էր Երևանում իշխանության հասել, որը հեռագրում էր Մոսկվա ու հայտարարում, թե Բեկզադյանն իրավունք չուներ հանդես գալու Հայաստանի անունից: Բայց կար Հյուսիսային Հայաստանը, որտեղ կային Հեղկոմի ներկայացուցիչներ: Ղամարլուում գոյություն ուներ Հայհեղկոմը: Ելենովկայում դարձյալ բոլշևիկներն էին: Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը փաստեց, թե դա պատճառ չէր կարող լինել այն բանի համար, որ հայկական շահերը Մոսկվայի բանակցություններում անտեսվեին: «Ե′վ Լենինը, և′ Ստալինը հանդիպեցին այդ կոնֆերանսի նախօրյակին թուրքական պատվիրակության հետ, որն արդեն մինչ այդ Բաքվում հանդիպել էր Նարիման Նարիմանովի հետ և համաձայնեցրել էր ադրբեջանցիների շահերը Մոսկվայում ներկայացնելու համար, և այդ շահերի շահը Նախիջևանի խնդիրն էր, որը տեղ գտավ այդ պայմանագրի 3-րդ կետում: Այդտեղ ասվում էր, որ Թուրքիան զիջում էր հօգուտ Ադրբեջանի այդ տարածքը` պայմանով, որ Ադրբեջանը 3-րդ կողմին զիջելու իրավունք չուներ: Ամենախայտառակ կետերից մեկն էլ 15-րդն էր, որի համաձայն` Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր բովանդակությունը նույն կերպ համաձայնեցնել, նաև պարտադրել Խորհրդային Անդրկովկասի 3 հանրապետություններին: Այսինքն` այս պայմանագրերը բացահայտ գործարք էին հայ ժողովրդի թիկունքում»,- նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը:

Աշոտ Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ նախապատրաստվում են 2021 թ. մարտի 16-ին, որպես գիտական հանրույթ, հայտնեն իրենց գիտական կարծիքն այս պայմանագրերի վերաբերյալ: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ռուս պատմաբանների մոտ այս հարցում վերաբերմունքը կամաց-կամաց փոխվում է: Նրանց մեջ այսօր կան մարդիկ, ովքեր դատապարտում են այդ պայմանագրերը, առավել ևս, որ դրանց ոգին գալիս էր 1918 թ. մարտի 3-ի Բրեստի պայմանագրի պարտվողական հոգեբանությունից և բերում, հանգեցնում էր 1921 թ. պայմանագրերին, որոնք խորհրդային պատմագիտության մեջ գնահատվում էին որպես Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական խոշոր հաղթանակը: Այնիչն, Աշոտ Մելքոնյանի կարծիքով, դա այդպես չէ: «Մենք այսօր մարտի 16-ին անդրադառնում ենք այն տեսանկյունից, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը մշտապես պետք է հիշեցնենք, որ մենք կույր ժողովուրդ չենք, մենք հիշողություն ունեցող ժողովուրդ ենք, որը գիտի, թե 1921 թ. մեր ազգային պետական շահերը վաճառվեցին մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային, որը ոտքի կանգնեց Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ: Եթե, Աստված մի արասցե, այդ հարաբերությունները պիտի խորանան ռուս-թուրքական ուղղությամբ և մեր հաշվին պիտի լինեն, ապա մեզ համար սա բացարձակապես անընդունելի է, և մենք, որպես ժողովուրդ, բացարձակապես դա թույլ չենք տա»,-վստահեցրեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

ԳԱԱ Պատմության ինստիտուտում անցկացված այս սեմինար քննարկումը դեռ շատ ջուր կվերցնի և իր բարձրացրած հարցադրումներով ու առաջարկներով անպայման կգրավի ոչ միայն գիտաշխատողների, այլև, 1-ին հերթին, մեր պետական այրերի և քաղաքական գործիչների ուշադրությունը, որովհետև 1921 թվականին, առանց մեր ժողովրդի կամքը և ցանկությունը հաշվի առնելու, կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի այժմեական ու օրախնդիր լուծում գտնելու հարցով հենց նրանք պետք է զբաղվեն ի պաշտոնե:

Մարիամ Հովսեփյան