Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված «Համաներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ 660 ազատազրկվածի նախատեսվում է համաներում շնորհել: Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 72 կողմ ձայնով ընդունել էր օրինագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը առաջարկել էր փոփոխություն անել, որպեսզի համաներում հայտարարվի նաև Նորք-Մարաշի զինված խմբի անդամների հանդեպ: «Դուք ունեք պարտականություն հավասար մոտենալու բոլոր քաղաքացիներին: Ինչպե՞ս է ստացվում, որ ՊՊԾ գունդը գրավածները համաներվում են, որոնց գործողությունների հետևանքով երեք ոստիկան է մահացել, իսկ Նորք-Մարաշի զինված խմբի անդամները համաներմամբ դուրս չեն գալիս»,- հարցրեց Բաբուխանյանը` դիմելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին:
Զեյնալյանը պատասխանեց, որ դա ոչ թե խտրականություն է, այլ տարբերակված մոտեցում: «Տարբերակված մոտեցումը չի նշանակում, որ դա խտրական է: Այստեղ կան հավասարակշռված լուծումներ: Կանխակալ չենք կարող ասել, որ համաներում չի կիրառվելու նրանց նկատմամբ: Բացի այդ` կան արգելված հոդվածներ, որոնք բոլորի համար են, օրինակ` սպանության մեջ մեղադրվողների հանդեպ չի կարող տարածվել համաներումը: ՊՊԾ գունդը գրավողներից նրանք, ովքեր սպանության հոդվածով են նստած, չեն համաներվի»,- ասաց նա:
Բաբուխանյանը հակադարձեց, որ եթե հետագայում քննարկվեն երեխաներին ԼԳԲՏ ազդեցությունից, աղանդներից զերծ պահելու օրենքները, նախարարն դարձյա՞լ ասելու է, թե տարբերակված մոտեցում է, ոչ թե` խտրականություն:
Զեյնալյանը պատասխանեց, որ դա իր միտքը չէ, թե տարբերակված մոտեցումը խտրական է, դա իրավունքի տեսություն է:
Պատգամավոր Բաբուխանյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ երեկ կողմ է քվեարկել նախագծին, որ մանր-մունր հանցանքների համար դատապարտվածներն ազատ արձակվեն: «Բայց ես հարց ունե ՊՊԾ գունդը գրավածների վերաբերյալ, որոնց գործողություններից երեք ոստիկան է զոհվել: Այդ ինչպե՞ս է ստացվում` երբ ես առաջարկել էի, որ ավելի շատ տուգանված վարորդներ ներվեն, կառավարությունն ասաց, թե չի կարելի ներել այն վարորդներին, որոնք չեն ենթարկվել ոստիկանի պահանջին: Բայց այդ գնդի գործողությունների արդյունքում սպանվել է երեք ոստիկան»,- ասաց նա:
Պատգամավորն իշխանություններին կոչ արեց, որ իրենց քաղաքական քիմքին համապատասխան համաներում չանեն: «Ճիշտ է, ժամանակին էլ եղել է 1-2 նման դեպք, բայց դա չի արդարացնում ձեր արածները: Ձեր իշխանափոխության համար արված հանցանքները ներելի են, բայց չե՞ք կարծում, որ մի օր այդ ուղտը չոքելու է ձեր դռանը: Նորք-Մարաշի խումբն ինչո՞ւ չի համաներվում, այն դեպքում, երբ նրանց կատարած գործողությունները ևս իշխանափոխության համար էին, բայց այդ գործողությունները հետևանքներ չունեին: Ինչո՞ւ եք խախտում օրենքի նկատմամբ բոլորի հավասարության` Սահմանադրության հոդվածը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: