Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստորեն, կարելի է տարիներ ապրել մի երկրում, իմանալ նրա բոլոր գաղտնիքները, բայց այդպես էլ չհասկանալ, որ մեր բոլոր տխուր բաների պատճառը պոլիկլինիկաներում տեղեկանքի համար մեզնից պահանջվող գումարի մեջ է: Պոլիկլինիկայի բժիշկը այդ տեղեկանքից ոչինչ չի ստանում, եթե միայն ծնողը մեծահոգաբար չի հրաժարվում մուծման կտրոնից: Այդ գումարները գնում են հիմնարկի զանազան մուծումների համար: Իսկ պոլիկլինիկայի տեղամասային բժիշկը, որը սպասարկում է երեխաներին եւ դա անում է փայլուն, ստանում է 45 հազար դրամ` սպասարկելով 820 երեխայի: Պոլիկլինիկայի բժիշկը ստանում է մեկ երեխայի դիմաց 700 դրամ:
Օրեր առաջ տեղամասային բժշկին մի գերմանուհի ծնող, ի դեպ՝ բժշկուհին նրա հետ խոսում էր գերմաներեն, հարցնում է, թե ինչքան աշխատավարձ է ստանում: Բժշկուհին ամաչում է ասել 100 դոլար, ասում է՝ 100 եվրո: Գերմանուհին հարցնում է` օրակա՞ն:
Վարչապետը, հանրակրթական դպրոցի տնօրենի նման, հենց խոսվում է դպրոցի բարեփոխման մասին, սկսում է այն բարեկարգել. նոր նստարաններ, եվրոպատուհաններ, հիմա էլ աշակերտներին տեսահսկելու համար սարքեր տեղադրելով: Արքեպիսկոպոսին ատրճանակ նվիրող վարչապետը, որ մի վայրկյանում քաղաքի կենտրոնի տները գերակա շահ ճանաչելով` էլիտար նորակառույցի համար ճանապարհ է հարթում, որոշակի պարբերականությամբ ու աներեւակայելի խորաթափանցությամբ մտածում-մտածում ու գտնում է երկրի անփառունակ վիճակի գաղտնիքը:
Այս անգամ մի քանի կոպեկ վաստակող պոլիկլինիկայի բժիշկներն են: Իսկ տեղեկանքների մասին էլ նրանք ունեն իրենց տեսակետը. եթե ծնողն ի վիճակի է վճարել թանկ լողավազանների համար, չի՞ կարողանում ոչպետպատվերային բժշկական ստուգման դիմաց վճարել մի քանի հազար դրամ` անալիզների, ռենտգենային հետազոտման, կարդիոգրամայի համար: Կամ էպիլեպսիայով տառապող երեխային լողավազանի թույլտվություն, երեւի, միայն բժիշկը կարող է տալ, որովհետեւ եթե հերթական նոպան տեղի ունենա ջրում, կարող է ողբերգական ավարտ ունենալ: Կամ մարմնամարզության գնացող երեխային արդյոք անհրաժեշտ չէ՞ ողնաշարի հետազոտություն: Իսկ եթե այս ամենն արվում է անվճար, ինչու է պոլիկլինիկայի բժիշկն աշխատանքի գալիս ընդհանրապես` ամիսը 45 հազար դրամի համա՞ր:
Ե՞րբ մարդու նման կապրի պոլիկլինիկայի բժիշկը, որը ցրտին ու շոգին վազվզում է տեղամասով ու սարսափելի պատասխանատվություն կրում ամեն նորածնի ու ամեն արված պատվաստման համար` սրա մասին պետական հավես չկա մտածելու. ինքներդ մի բան մտածեք, օրինակ, վեր կացեք, գնացեք ուրիշ երկիր` մոբիլ դար է: Ու վարչապետն այնպիսի իրական զայրույթ է իջեցնում դեմքին, որ եթե մի փոքր բացակայած լինես երկրից, կմտածես՝ մետամորֆոզներ են տեղի ունեցել, ու դու բաց ես թողել: Մարդու անկեղծ զայրույթը բարդ դիմախաղ է պահանջում, իսկ վարչապետն, իրոք զայրացած էր:
Այսպիսով, շարունակվում է «բժիշկների գործը»: Մի ժամանակ կար այդպիսի գործ, բայց դա անցյալ դարի սարսափներից էր: Հիմա չեն գնդակահարում, ուղղակի բացահայտումներ են անում, հայտնում են ասուլիսով, տպավորություն են թողնում ու վաղանցիկ երջանկության պես մոռանում: Կարեւորը տպավորությունն է: Պետական իմպրեսիոնիզմ:
Պոլիկլինիկաներն այսօրվանից ՀՀ ամենակոռումպացված միավո՞րն են: Իրո՞ք նրանցից է պետք սկսել երկիրը կարգի բերելու գործը: Եթե այլեւս տեղեկանքի համար գումար չտանք, բուհերում բացառիկ արդարություն է լինելու, քաղաքը կառուցապատվելու է բացարձակ անշահախնդրորեն, առողջապահության ոլորտը դառնալու է բյուրեղ, մարդիկ երազելու են նախարար ու պատգամավոր դառնալ՝ միմիայն աշխատելու: Էս մի պոլիկլինիկայի տեղեկանքի հարցն էլ որ լուծեցինք`վերջ: Պետաքաղաքական ոլորտի մի քանի երազանք ունեմ, դրանցից մեկը՝ մի անգամ լսել վարչապետի բացարձակ անկեղծ խոսքը ու համոզված լինել, որ դա բացարձակ անկեղծ էր: Որովհետեւ միշտ շատ հետաքրքիր է իմանալ՝ ինչ է իրականում մտածում մեր բոլորիս մասին, իրոք, շատ խելացի մարդը, քանի որ ինչ են մտածում տհասները` հեշտից էլ հեշտ է երեւակայել, մանավանդ որ երեւակայելու խնդիր չկա՝ ինչ ասում են, այն էլ մտածում են: Հետեւողական երազելու դեպքում գուցե մի օր կիմանանք՝ ինչ էր մտածում վարչապետը:
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ