Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է 2015 թվականը և խոսել օլիմպիական ուղեգրերի և այս օրերին ընթացող ուսումնամարզական հավաքի մասին:
-Պարոն Ջուլֆալակյան, անդրադարձեք այս տարվա վերջին ուսումնամարզական հավաքին Ծաղկաձորում:
-Տարվա վերջի այս հավաքը մեծ արդյունավետություն է տալիս: Սովորաբար այն սկիզբ է համարվում հաջորդ տարվա համար: Ուսումնամարզական հավաքին մասնակցում են ընդհանուր առմամբ մոտ 50 մարզիկ և մարզիչ: Հույս ունենանք, որ ամեն ինչ իր հունով կգնա և տարին բարեհաջող կավարտենք: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2016 թվականը կմեկնարկի հունվարի 14-ին՝ ուսումնամարզական հավաքով Երևանում:
-Ամփոփեք խնդրեմ 2015 թվականը, որպես հունահռոմեական ոճի ըմբշամարտիՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
-Հաջողությունները, որ ունեցանք 2015 թվականին, հաճելի և գովելի էին: Սակայն մի քիչ ավելին էինք սպասում: Կային խանգարող հանգամանքներ: Նախ որ Եվրոպական խաղերը մեզ համար հաճելի երկրում չէին, և մենք մասնակցեցինք ոչ լիարժեք թիմով: Մեդալներն էլ անհամեմատ շատ կլինեին: Ընդհանուր առմամբ, 20-ից 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ըմբիշները զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Իսկ բարձրակարգ միջազգային մրցաշարերում Հայաստանի հավաքականը վերադարձել է 7-8 մեդալով: 2015 ոչ գերազանց տարի էր, բայց` հաջող:
-Ի՞նչ կասեք աշխարհի առաջնության մասին:
-Աշխարհի առաջնությունում ունեցանք երկու ուղեգիր: Բացի վարկանիշից և ոսկե մեդալից, մենք պետք է մեդալ ունենայինք նաև 66 կգ քաշային կարգում: Դա առնվազն պետք է երկրորդ տեղը լիներ, եթե ոչ առաջին հորիզոնականը, որտեղ մեզ խանգարեցին մրցավարները: Մեզանից մեկ մեդալ գողացան այդ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում էլ մենք սպասելիքներ ունեինք: Այստեղ նույնպես անարդար մրցավարություն կար:
-Խոսք գնաց նաև մրցավարների մասին, ի՞ նչ հետևություններ եք արել, որպեսզի կրկին չկանգնեք նույն խնդրի առաջ:
-Անընդհատ հետևություններ ենք անում, սակայն նորից կրկնվում է նույն պատմությունը: Ցավալի է, որ մարզիկները տարիների քրտնաջան աշխատանքով հասնում են նման մարզավիճակի և նրանց խանգարում են: Այդիպիսի բան չպետք է լինի, սակայն կան մարդիկ, ովքեր ծախված են, դավաճաններ են:
- Մինչ օրս ունենք Ռիոյի Օլիմպիական խաղերի 2 ուղեգիր, իսկ քանիսի՞ ակնկալիք ունենք:
-Մենք ունենք 3 վարկանիշային մրցաշար, որի ժամանակ փորձելու ենք անել առավելագույնը: Ունենք 2 վարկանիշ, պայքարելու ենք մնացած 4 ուղեգրերի համար: Պետք չէ ժամանակից առաջ անցնել՝ գորգը ցույց կտա: Մեզ համար այդ երեք մրցաշարերն էլ առաջնային են: Կարևորը ճիշտ մարտավարություն ընտրելն է:
-Արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ովքեր են մասնակցելու վարկանիշային մրցաշարերին:
-Չեմ ուզում առաջ ընկել և դեռ չեմ մտածում այդ մասին: Առաջին և երկրորդ մրցաշարի միջև ընկած ժամանակահատվածն ընդամենը մեկ շաբաթ է: Մենք կկարողանանք հետևություններ անել և հասկանալ, թե ով, որտեղ մասնակցի :
-Ի՞նչ կասեք Յուրի Պատրիկեևի` հավաքական վերադառնալու ցանկության մասին:
-Պատրիկեևը ուզում է, ցանկություն ունի վերադառնալու: Սակայն ցանկանալը մի բան է, իսկ հնարավորությունները՝ այլ: Տեսնենք, թե որքանով է նա պատրաստ: