կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 13:29
Սպորտ

Ըմբիշների մասնակցությունը Բաքվի Եվրոպական խաղերին անիմաստ ու աննպատակահարմար է. Լևոն Ջուլֆալակյան

Ըմբիշների մասնակցությունը Բաքվի Եվրոպական  խաղերին անիմաստ ու աննպատակահարմար է.  Լևոն Ջուլֆալակյան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել հունահռոմեական ոճի անվանի հայ ըմբիշ, Եվրոպայի (1986թ), աշխարհի (1986թ) և 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն (1988թ), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ: 

 

-Բոլորվին վերջերս Ծաղկաձորում գտնվելիս Ձեզ մոտ առողջական խնդիրներ էին ծագել, և Դուք շտապ կարգով Երևան տեղափոխվեցիք: Ինչպե՞ս եք հիմա Ձեզ զգում:

-Այո, հունվարի 2-րդ կեսին Ծաղկաձորում դահուկներով սահելիս հանկարծակի վատ զգացի: Ինձ անմիջապես Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին: Շտապ կարգով կատարած` սրտիս ստենտավորումից հետո, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ընթանում, առողջական խնդիրներ կամ գանգատներ չունեմ: Վերջին ստուգումից հետո բժիշկները հավաստիացրին, որ ես հիմա 18 տարեկանի առողջություն ունեմ (նշենք, որ Լևոն Ջուլֆալակյանն ապրիլի 5-ին կդառնա 51 տարեկան):


-Ինչպիսի՞ն է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի դիրքորոշումը հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական 1-ին խաղերին հայ ըմբիշների մասնակցության հարցում:

-Մեր դիրքորոշումը հստակ է: Ֆեդերացիայի ղեկավարությունն ու գործկոմը վերջերս համակողմանի և լրջորեն քննարկելով Բաքվի օլիմպիադային Հայաստանի ըմբիշների մասնակցելու հարցը՝ որոշում ընդունեցին, որ մեր պատվիրակների մասնակցությունն այդ ստուգատեսին անիմաստ ու աննպատակահարմար է: Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին գրավոր տեղյակ կպահենք նաև ՀԱՕԿ-ին ու ՀՀ սպորտի նախարարությանը:


-Հավաքականի մոտակա ծրագրերի մասին կխոսե՞ք:

-Հավաքականը մարտի 8-21-ը ուումնամարզական հավաք կանցկացնի Երևանում գտնվող Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Դրան անմիջապես կհաջորդի մարտի 24-29-ը Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում առաջին անգամ կազմակերպվող անցումային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Ապրիլի 8-23-ը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է նախատեսված կրկին Երևանում: Ապա կհաջորդի մասնակցությունը ապրիլի 24-26-ը Սոֆիայում ավանդաբար կազմակերպվող Dan Kolov & Nikola Petrov միջագային մրցաշարինԱրդեն խոսեցի հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերին մեր մասնակցության աննպատակահարմարության մասին: Բնականաբար, ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը սեպտեմբերի 7-12-ը ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի: Այս տարվա գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն ու որքան հնարավոր է շատ վարկանիշներ ձեռք բերելն է:

 

- Իսկ քանի՞ օլիմպիական ուղեգիր եք պլանավորում նվաճել:

-Ես միշտ էլ լավատես եմ ու ձգտում եմ առավելագույնին: Կփորձենք վեց քաշային կարգերում էլ օլիմպիական ուղեգիր նվաճել: Իսկ թե ի՞նչ կստացվի, ցույց կտա մրցագորգը: