Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ 3/23 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա հայտարարեց, որ քվեարկել է հանուն այն Հայաստանի, որ վաղուց էինք երազում, հանուն սխալները ուղղելու, հանուն նրա, որ իշխանությունը եւ պետությունը չնույնացվեն, եւ վերանա իշխանության ու ժողովրդի միջեւ առաջացած օտարությունը:
«Հանրաքվեի հաջողության դեպքում գործը նոր-նոր սկսվում է: Պետք է սկսենք լուրջ խորքային բարեփոխումներ անել»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» ահազանգում են համատարած ընտրախախտումների մասին, Ռուստամյանն արձագանքեց, որ աղաղակող ընտրախախտումներ իրենք չեն արձանագրել: Իհարկե, ընտրախախտումների մասին ամբողջական խոսելը դեռ վաղ է, ամփոփ կներկայացնեն, երբ քվեարկությունն ավարտվի:
«Կեղծիքներ կլինեն, որովհետեւ իդեալական ընտրությունների մշակույթը մենք դեռ չունենք»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»՝ համատարած ընտրախախտումների մասին հայտարարություններին, Ռուստամյանն ընդգծեց, որ, քաղաքական առումով, նրանց ձեռնտու չէ, որ Սահմանադրությունը փոխվի, եւ ինչ էլ լինի, մեկ է՝ ասելու են՝ հանրաքվեն կեղծվել է: «Իհարկե, կարեւոր է այս քվեարկության լեգիտիմությունը, բայց այս պահին, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Կանխատեսել ընտրության ելքը Ռուստամյանը չցանկացավ: Միայն ասաց, որ եթե «այո»-ն չանցնի՝ դարձյալ պայքարելու են: Կոալիցիայի վերաբերյալ լրագրողների ամենանգամյա հարցին էլ ի պատասխան` հիշեցրեց ՀՅԴ-ի հայտնի 7 կետերը եւ հաստատեց. «Մեր սկզբունքներն ամեն օր չեն փոխվում»: