կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 13:29
Քաղաքական

Քվեարկությունը կեղծվել է. ՀԱԿ-ի հին ու նոր երգը

Քվեարկությունը կեղծվել է. ՀԱԿ-ի հին ու նոր երգը

Այսօր նույնպես ԱԺ-ում ութ ընդդիմադիր պատգամավորները շարունակում են լրագրողներին եւ մյուս պատգամավորներին համոզել, որ հենց իրենք են «դեմ»  քվեարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը։

 

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր մասով հարցը վերջնականապես փակեց` համացանցում տեղադրելով իր կողմից լուսանկարված այն քվեաթերթիկը, որում պարզ երեւում է, որ «դեմ» է քվեարկել Կոստանյանի թեկնածությանը։

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր մտածել է առեղծվածի մասին եւ եկել եզրահանգման, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել բլեֆ՝ կա'մ լցոնում է արվել, կա'մ քվեարկությունը կեղծվել է։ «Ես կարծում եմ, որ «դեմ» ձայներն ինչ-որ կերպ քողարկվել են, միգուցե և իմ թերանալու արդյունքում։ Ես տեսել եմ, որ երկու անվավեր է եղել. մեկի վրա «պտիչկա» է արված եղել, և դա Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկն է եղել. Սուքիաս Ավետիսյանը հաստատել է՝ նշելով, որ ինքը տեսել է, որ Ս․Դեմիրճյանը քվեաթերթիկը չորս տակ է ծալել։ Ես զարմացա նույնիսկ, որ նա գիտեր, թե ինչպես է ծալվել քվեաթերթիկը։ Ես հիմքեր ունեմ մտածելու, որ այստեղ էլի ինչ-որ բաներ են եղել, որը հետո ուղղվել են։ Չէր կարող երեք «դեմ» ձայն լինել։ Ես գիտեմ և մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ «դեմ» է քվեարկել, ուրեմն` այնտեղ մի բան եղել է»,- հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լ․Սարգսյանը:

 

ՀԱԿ պատգամավորը ներկա է եղել քվեաթերթիկները հաշվելու ողջ գործընթացին, բայց, միեւնույն է, կարծում է, որ իշխանությունն այսկերպ փորձել է վարկաբեկել ընդդիմությանը։ ԱԺ պատգամավորը նաեւ խոստովանեց իր սխալը` բոլոր քվեաթերթիկները չի ստուգել, ստուգել է միայն քվեաթերթիկների՝ իրեն տրված տրցակը։