Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ.
«Կառավարության ներկայացրած ծրագիրը իր ձևով և բովանդակությամբ իսկապես աննախադեպ է, քանզի, ըստ էության, կրում է կնիքը երկրում տեղի ունեցած աննախադեպ համաժողովրդական հեղափոխության: Որպես հետևանք՝ ծրագրում կարևորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձևավորելու հետ կապված նպատակադրումներն ու անելիքները: Անշուշտ, դրա իրագործումը ոչ պակաս, եթե չասենք ավելի պատասխանատու, բարդ ու բազմաշերտ խնդիր է, քանզի դրա լիարժեք գնահատական տվողը նույն այս հեղափոխությունն իրականացրած հանրությունն է լինելու, որ ակնկալում է տեսնել կոնկրետ քայլեր և արդյունք:
Ըստ այդմ, Կառավարության ծրագրի նկատմամբ հանրային կանխակալ վստահությունը ոչ այնքան ծրագրի ինչպիսին լինելով է պայմանավորված, որքան կատարված իշխանափոխությունը մարմնավորող նոր կառավարության ձևավորումով:
Այս վստահության հիմքում հասարակության լայն շրջանակներում տիրող այն համոզումն է, որ նոր կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն վերացնելու մեր առաջընթացը խոչընդոտող արգելքները և նոր շունչ հաղորդելով կառավարման գործին՝ երաշխավորելու երկրի հեղափոխական և թռիչքաձև զարգացումը: Այս գործը հաջողությամբ պսակելու համար նախադրյալներ ստեղծելուն է հիմնականում կոչված ներկայացվող փաստաթուղթը, որ կարելի է որակել որպես կառավարության գործունեության հայեցակարգային դրույթներն արտացոլող անցումային ծրագիր:
Ծրագրի անցումային լինելու հանգամանքը, ըստ էության, փաստում է հատկապես արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրային նպատակադրումը:
Դաշնակցությունը ստեղծված ֆորս
մաժորային իրավիճակում և գործադիր ու օրենսդիր մարմինների հարաբերություններում հնարավոր ճգնաժամը լուծելու առումով ևս արձանագրում է արտահերթ ընտրությունների նշանակությունը: Սակայն մենք կարևորում ենք դրանց պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ իրավաքաղաքական պայմանների ապահովումը և Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ընթացակարգերի անշեղ կատարումը: Ինչը ենթադրում է ոչ միայն առավել ժողովրդավարական ընտրական համակարգի ձևավորում, այլև ի նկատի ունենալով ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով Ոստիկանության կազմում համապատասխան ստորաբաժանում ստեղծելու ծրագրային դրույթը՝ Ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից դուրս հանելու և խորհրդարանի լիարժեք վերահսկողության տակ դնելու խնդրի առաջնահերթ լուծումը:
Այս խնդիրներից զատ ծրագրում, իհարկե, ամրագրված է հրատապություն պահանջող քաղաքական բարեփոխումների պատկառելի օրակարգ, որի առանցքային շատ դրույթներ համահունչ են Դաշնակցության պատկերացումներին, սակայն ավելորդ չի նշել մեզ համար հատկապես կարևոր դրանցից մի քանիսը՝ իշխանության հետագա ապակենտրոնացում, պետական համակարգում հակակշռման և զսպման մեխանիզմների կատարելագործում, ամբողջական գործառույթներով օժտված հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորում, քաղաքականություն, հատկապես հանրային իշխանություն-բիզնես տարանջատում, մրցունակ և վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն, ընտրական համակարգի կատարելագործում, տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացում, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծում, արդյունավետ հակամենաշնորհային պայքար, ներառական տնտեսական աճի ապահովում՝ ուղղված դրա արդյունքների արդար բաշխմանը, աղքատության հաղթահարում, սոցիալական բևեռացման մեղմում, կենսաթոշակային համակարգի բարեփոխում, հայության լիարժեք և անմիջական մասնակցության ապահովումը հայոց պետականության հզորացման գործում: Արտագաղթի կասեցում և հայրենադարձության խրախուսում և կազմակերպում:
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, (այստեղ մենք առաջարկում ենք ավելացնել «և հետևանքների հաղթահարման» բառերը) գործընթացի շարունակականություն, ինչպես որ արձանագրված է համահայկական հռչակագրում, քանի որ սա մատնանշում է հայության միասնական պայքարի հստակ ուղղվածությունը,
Արցախի՝ որպես հակամարտության կողմի որոշիչ ձայնով ներգրավումը իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
Այստեղ էլ առաջարկում ենք ի նկատի ունենալ հետևյալ ձևակերպումը՝ «Ոստի կառավարությունը ջանքեր կգործադրի բանակցություններին Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ուղղակի և լիիրավ մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանը աջակցելու համար»:
Հարգելի գործընկերներ, իհարկե, ակնհայտ է այս ծրագրի ընդգծված քաղաքական բնույթը, սակայն սա չի կարող նշանակել, թե պակասելու է արտաքին և ներքին քաղաքականության իրականացման հետ կապված կառավարության հաշվետվողականության նկատմամբ պահանջը, քանզի այն կարգավորված է Սահմանադրությամբ: Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված՝ կառավարությունը տարեկան զեկույց է ներկայացնում Սահմանդրության 86-րդ հոդվածով սահմանված պետության քաղաքականության՝ տնտեսական, սոցիալական և մշակութային նպատակների իրագործման վերաբերյալ: Հետևաբար, տվյալ իրավիճակում կարելի է շատ և ամեն ինչ չգրել, եթե գիտես՝ ինչ անել ու պատրաստվում ես շատ գործել:
Ուրեմն, ի գործ՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»: