Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր արդեն պարզ է, որ ընտրություններից առաջ իշխանություններն ունեցել են նախնական ծրագիր՝ Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնել երկրորդ տեղի համար պայքարի հաղթող: Սերժ Սարգսյանը հաղթանակի ոչ մի կասկած չի ունեցել: Հատուկ տեխնոլոգները Սերժ Սարգսյանին չեն թողել մտահոգության որեւէ առիթ: Այդ մտահոգությունը չեն թողել նաեւ միջազգային կառույցները` դիտորդական կազմակերպությունների միջոցով:
Սերժ Սարգսյանին որպես «հզոր մրցակից» Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնտու է եղել այն ամենով, ինչ անում եւ ասում է նա: Մարդն առայժմ միայն շփոթեցնում է իշխանություններին` հրապարակ հրավիրելով եւ կյանքի գնով ժողովրդի հաղթանակը ապահովելով: Բոլոր սոցիոլոգները եւ էքզիթ փոլերը նախագահի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի համար կանխատեսում են հաղթանակ: Նոյեմբերին, երբ նախագահի ընտրությունների մասնակցել-չմասնակցելու` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի վճիռների մասին ոչինչ հայտնի չէր, «Գելափը» («Gallup International»-ը) Սերժ Սարգսյանին տալիս էր 28 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 4 տոկոս: Վերջինս առաջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Վարդան Օսկանյանից, բայց հետ էր Գագիկ Ծառուկյանից եւ Ռոբերտ Քոչարյանից: Դեկտեմբերի վերջին, երբ արդեն հայտնի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցելու, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը կստանա ընտրողների 72 տոկոսի քվեն: Երկրորդ տեղում նրա «հարցումներով» Րաֆֆի Հովհաննիսյանն է` 21 տոկոսով: Նույն օրերին «Gallup International»-ն ի ցույց է դնում իր սոցիոլոգիական տվյալները՝ 49 տոկոսն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, 5 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Gallup International»-ը դեռ չգիտի, որ Ադիբեկյանի «ցուցակում» նշված մյուս 4 թեկնածուները չեն մասնակցելու ընտրություններին: Հունվարի 29-ին արդեն իր վարկանիշով եւ հեղինակությամբ Ահարոն Ադիբեկյանին չզիջող «Gallup International»-ը ներկայացնում է հարցումների նոր չափաբաժինը՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու է ընտրողների 66 տոկոսը, Րաֆֆի Հհովհաննիսյանի օգտին՝ 10 տոկոսը: Փետրվարի 9-ին «Գելափի» վերջին հարցումներով Րաֆֆին, «Աստված գիտե` որտեղից», կորզում է եւս մեկ տոկոս՝ ընդհանուր հաշվով 11 տոկոս: Սերժ Սարգսյանի օգտին իր քվեն պատրաստ է տալ 69 տոկոսը: Ի դեպ, ուշադիր եղեք, սխալվելով Սերժ Սարգսյանին տրվելիք տոկոսների մեջ, հայտնի International-ը չի սխալվում ընտրողների մասնակցության տոկոսներում: «Gallup International»-ը կանխատեսում է մասնակցության 61 տոկոս: Ըստ ԿԸՀ-ի` մասնակցում է ընտրողների 60,05 տոկոսը:
Առաջինը հանճարեղորեն Պարույր Հայրիկյանն է ձեւակերպում տոկոսների ահռելի տարբերության այս անոմալիան. «Ժողովրդավարական երկրում ինչպե՞ս կարող է առաջին եւ երկրորդ տեղերի տարբերությունը անցնել 50 տոկոսը, դուք լա՞վ եք մտածել, թե ինչ եք անում»: Տղաները լավ չէին մտածել: «Պաշտոնական տեխնոլոգները» սարսափած են` «Gallup International»-ն ակնհայտորեն համը հանել է: Սակայն սոցիոլոգիական ոչ մի հարցում այլեւս չի կարելի պատվիրել հանրության վրա սաղացնելու համար: Ի՞նչ անել: Այստեղ տեխնոլոգները մտածում են անհնարինը՝ հիմա համը հանելու հերթը Սերժ Սարգսյանինն է, նա պետք է փոքր-ինչ շեղումներ տա, պետք է խոսի թարս խիյարից, Չեբուրաշկան պետք է ասի իր խոսքը, հռչակավոր «եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»-ը նույնպես «պաշտոնական տեխնոլոգների» պայծառացումների արդյունք է: Դե իսկ լավագույն տոկոսաքանդիչը պահել էին ընտրություններից մի քանի օր առաջ: Հիշո՞ւմ եք «Գալա»-ի լրագրողին ասված խոսքը. «Ինչքան տոկոս պետք ա, էնքան խփեմ»: Ու խփեց: Մի կերպ Սերժ Սարգսյանի վարկանիշը «իջեցրին» 58,8: Քցեցին 10 տոկոս: Նշանակում է` Րաֆֆու վրա կգրեն այդ 10 տոկոսը: Ինքնին հասկանալի է, որ ոչ մի ընտրակաշառք, ոչ մի պետական լծակ ծրագրված չէ գործի դնել քվեարկության օրը: Մարդիկ հազիվ են Սերժ Սարգսյանի վարկանիշն «իջեցրել»:
Ընտրությունների օրը, սակայն, տեղի է ունենում սարսափելին: Բանն այն է, որ այդ օրը իշխանությունն իրականացնում է էքզիթ փոլ: Ժամը 14-ի դրությամբ` էքզիթ փոլ անցկացնող կազմակերպությանն արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն է կրում: Տվյալները ներկայացնում են համապատասխան «մարմիններին», որոնք ինտերակտիվ եղանակով գործի են դնում կեղծիքների ողջ բազան՝ ընտրակաշառք, լցոնում, ուրիշի փոխարեն քվեարկություն, քվեարկության ավարտից հետո նաեւ՝ քվեաթերթիկների անվավեր ճանաչում կամ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները Սերժ Սարգսյանի անվան դիմաց գրանցել եւ այլն: Եվ այս ամենն իշխանությանը հաջողվում է շնորհիվ այն բանի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահված անձինք գրեթե չունի, իսկ հանձնաժողովում ՀԱԿ-ին հատկացված տեղամասերի մի մասում իշխանություններն անցկացրել են իրենց մարդկանց: Ահա` ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը շատ երկար մտածեց ՍԴ դիմելու համար, եւ դեռ հարց է, թե ինչքանով նրան կհաջողվի ապացուցել կեղծիքները:
Սեյրան Հանոյան