|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ.
«Հարգելի խորհրդարան,
Սա մեզ համար, ըստ էության, նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին` մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այլև առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում:
Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, իհարկե, կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, բայց տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ, սակայն, ինչպես ասում է մեր ժողովուրդը` ուշ լինի, նուշ լինի: Հիմա այս ընտրությունը դարձել է հասունացած ու անհրաժեշտ: Չեմ ուզում կրկնել մեր նախկին հիմնավորումները:
Ուզում եմ հիշեցնել շարժման ղեկավարներին մի հայտնի ճշմարտություն, որ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով, նաև ավելացնել, որ հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը:
Սա է մեզ սովորեցնում հենց այսօրվա խորհուրդը: Մենք միասին էինք և ազատագրեցինք Շուշին, միասին պետք է մնանք, որ պահենք Շուշին հայկական և ոչ միայն` Շուշին, այլև այսօրվա` արդեն 42000 քառ. կմ դարձած նոր Հայաստանն ու Արցախը:
Մայիսը եղել է հայության հաղթանակների ամիսը, թող այս նոր հաղթանակը դառնա շարունակությունը հայ ժողովրդի հաղթահարշավի: Հաղթահարշավ, որի բերկրանքը մշտապես թող ուղեկցի մեր ժողովրդին»: