Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե վերահաշվարկ էլ լինի, կտեսնեք այն, ինչ արձանագրված է. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով հաշվիչ հանձնաժողովի անդամ էր:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներին ընտրելիս «Ելք»-ը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, սակայն Գագիկ Հարությունյանը ստացել էր ընդամենը 2 դեմ ձայն:
Նազարյանը նշեց, որ ինքը խնդիր չունի քվեարկության հետ, խնդիրն ընթացակարգի հետ է կապված: «Այդ ընթացակարգը հնարավորություն չի տալիս լիովին վերահսկելու ընտրության ընթացքը»,- նշեց պատգամավորը:
Հարցին` երբ հայտարարվեց` երկու դեմ, իսկ ինքը գիտեր, որ դեմերը շատ են լինելու, ինչո՞ւ ստորագրեց արձանագրությունը, Նազարյանը պատասխանեց. «Ես իմացա, երբ գնացի խմբակցություն, դա պարզվեց»: Նա միաժամանակ նշեց, որ նախօրոք էլ գիտեր, որ իր խմբակցության անդամները դեմ էին:
«Ես վստահ եմ, որ իմ խմբակցության բոլոր անդամները Գագիկ Հարությունյանին դեմ են քվեարկել: Հաշվարկի ժամանակ իրավիճակն այնպիսին է, որ քվեաթերթիկները դրվում են սեղանին, և հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներից ամեն մեկն իր կողմն է տանում քվեաթերթիկը և հաշվում: Շատ հնարավոր էն և կարծում եմ` այդպես էլ տեղի է ունեցել, որ դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով: Ես ինչպե՞ս կարող եմ վերահսկել ամբողջը, երբ ինքս զբաղված եմ` քվեաթերթիկ հաշվելով»,- նշեց Նազարյանը:
Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր բան է, որ 98 ձայնի միջից առանձնացվեին հենց 7 դեմ ձայները, ապա դրանցից 5-ը փոխվեին կողմով, իսկ ինքը այդ ամբողջ գործողությունը չնկատեր, նա պատասխանեց. «Այո, իհարկե, հնարավոր է, որ այդպես լինի, և ես չտեսնեմ: Եթե բոլոր քվեաթերթիկները դրված են սեղանին, և ամեն մեկը քաշում է իրենը: Շատ հեշտ է անել, որ 7 դեմերը հենց իրենք վերցրած լինեն և 5-ը փոխած: Ես զբաղված եմ սեղանի մի անկյունում և զբաղված եմ հաշվարկով»:
Իսկ թե ինչո՞ւ է պատգամավորը վստահ, որ իր խմբակցության անդամները չեն ստում, այլ ստում են մյուսները, Նազարյանն ասաց, որ վստահում է իր խմբակցության անդամներին: «Վստահ եմ, որովհետև վստահ եմ, ես նրանց ճանաչում եմ, նրանց հետ եմ աշխատում»,- ասաց նա: