կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-29 16:00
Քաղաքական

Նավթ չենք հայտնաբերելու, բայց ելք ենք ունենալու` ձերբազատվել արատավոր համակարգից

Նավթ  չենք  հայտնաբերելու, բայց ելք  ենք  ունենալու` ձերբազատվել արատավոր  համակարգից

«Մենք բաց ճակատով, ձեր աչքերի մեջ նայելով ասում ենք, որ սահմանադրական փոփոխությունները մեր համոզմունքն են. սա ելք է, հնարավորություն ներկա վիճակից դուրս գալու համար»,-այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում` Սևան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Դաշնակցությունն ասում է, որ փոփոխությունները պետք է լինեն համակարգային, խորքային, մինչև մեխանիզմները չաշխատեն` ոչինչ չի փոխվի: Մենք ոչ մեկին չենք ասում գնա`«այո» ասա. եթե կարծում եք, որ դժգոհելով, հայհոյելով բան կփոխվի, սխալվում եք: Մենք ասում ենք, որ ձեզնից շատ բան է կախված: Նոր սահամանադրությունը հնարավորություն է տալիս, որպեսզի պետությունը շնչի, որպեսզի մարդկանց մոտ հույս արթնանա»,-ասաց նա:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ փոփոխությունները հաջորդ օրը չէ, որ զգացնել կտան: «Դեկտեմբերի 7 ին Հայաստանի ընդերքեւմ նավթ ու գազ չի հայտնաբերվելու, այլ ձերբազատվելու ենք այն արատավոր համակարգից, որ ունենք: Մենք բոլորս հոգնել ենք այս վիճակից, բայց համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը հնարավորություն է տալիս ճիշտ ընթացք ապահովելու»,- ասաց նա: Արսեն Համբարձումյանի խոսքով` առաջին հայացքից մեր խնդիրները սահմանադրության հետ կապ չունեն, սակայն իրականում խորքային պատճառները թաքնված են հենց սահմանադրության մեջ: