կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-14 17:26
Քաղաքական

Ուզում եք ձերբազատվել անպիտան կադրերից, ազատվեք իրենց գործից անտեղյակ նախարարներից. Գևորգ Պետրոսյան

Ուզում եք ձերբազատվել անպիտան կադրերից, ազատվեք իրենց գործից անտեղյակ նախարարներից. Գևորգ Պետրոսյան

 ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ թեև առաջին անգամ է պատգամավոր, բայց իրավունք ունի հնչեցնելու «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Մի քանի օր է` հասարակության լուրջ անհանգստությունն են հարուցում ֆինանսաբյուջետային պատասխանատուների այն հայտարարությունները, որ մյուս տարի հանրային ծառայության ոլորտում սպասվում է 5560 աշխատակցի ազատում։ Ինձ համար զավեշտալի է, երբ ասում են, որ դրանց շարքերում հիմնականում տեղ են գտնելու անպիտան աշխատուժի, ոչ բարձր որակավորման, ոչ անհրաժեշտ արտադրողականություն ցուցաբերած աշխատողները։ Բա ի՞նչ եք մտածել այսքան ժամանակ պետական ապարատն այդչափ ուրճացնելու մասին, և ո՞վ է հատուցելու դրա հետևանքով պետությանը պատճառված վնասները»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ եթե պետությունն իրեն սոցիալական է համարում, ապա պարտավոր է հոգ տանել ազատվող աշխատողների ընտանիքների մասին, ընդ որում` պետությունն  այդքան մարդու գործից ազատելու ու իր գործն արված համարելու իրավունք չունի։

«Ուզում եք ձերբազատվել անպիտան կադրերից, ազատվեք իրենց գործից անտեղյակ նախարարներից, հարկային բռնարարներից, դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող և դիվանագիտական հաստատությունները հանգստի վայրի վերածած դեսպաններից»,- հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ առավոտյան նիստը սկսելուց առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները պահանջում էին ԱԺ նիստերի օրակարգում քննարկել նաև մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների հարկման հարցը, որը ՊԵԿ-ը բարձրացնում է՝ պատճառաբանելով, թե այդպիսով նպատակ ունի վերացնել ստվերը։

Այդ ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասել էր. «Տիկի'ն Զոհրաբյան, պարոն Պետրոսյանն առաջին անգամ է պատգամավոր, Դուք՝ առնվազն 11 տարվա։ Ինձանից լավ գիտեք կանոնակարգը, ինչո՞ւ եք ստիպում, որ ես` մարդը, որը ձեր կողմից ընտրվել է կանոնակարգը պաշտպանելու համար, նիստը խախտումով վարի»։

Պետրոսյանն իր ելույթը սկսեց հենց Շարմազանովի` այս հայտարարությանը պատասխանելով: