կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 14:13
Քաղաքական

Շարմազանովը կոչ արեց ձերբազատվել Սեյրան Օհանյանի դեմ վայրահաչոցներից

Շարմազանովը կոչ արեց ձերբազատվել Սեյրան Օհանյանի դեմ վայրահաչոցներից

ԱԺ քառօրյայում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժելու, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու` պետության պարտականություն և զինծառայողի իրավունք:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը ելույթ ունեցավ ՝ կոչ անելով իր գործընկերներին ամենուր դատապարտել այն երևույթը, երբ որոշ լրատվամիջոցներ թիրախ են դարձնում պաշտպանության նախարարին ու անհիմն հարձակումներ են գործում նրա դեմ:

Արծվիկ Մինասյանից հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շարունակեց նույն թեման` ասելով, որ, առանց ամուր պաշտպանական համակարգի, անհնար է խոսել ժողովրդավարության, տնտեսական աճի ու սոցիալական վիճակի բարելավման մասին: Շարմազանովը հիշեցրեց հայտնի ճշմարտությունը, որ եթե չես ուզում կերակրել ուրիշի բանակը, ուրեմն պետք է հոգ տանես քո բանակօ մասին ու ուժեղացնես այն:

Նրա խոսքով՝ պաշտպանության ու անվտանգության համակարգը մեր երկրի ողնաշարն է, և եթե այլ երկրներին անկախությունը տրվել է Խորհրդային միության փլուզման արդյունքում, ապա Հայաստանն ու Արցախն այդ անկախության համար արյուն են թափել: Եվ հիմա այդ անկախության միակ երաշխիքը հայկական բանակն է, ու ցանկացած վայրահաչոց հայոց բանակի և բանակի պատասխանատուի հասցեին վայրահաչոց է հայրենիքի նկատմամբ:

«Իշխանություններին կարելի է և պետք է քննադատել, բայց չպետք է նույնացնել իշխանություն և հայրենիք, և չի կարելի ամեն ինչի չափն անցնել: Մենք չպետք է անենք այն, ինչը ձեռնտու է մեր հարևաններին: Մի բան անելուց առաջ եկեք` հասկանանք` էս ի՞նչ ենք անում: Ընկել եք համընդհանուր սենսացիայի հետևից` ով ինչքան լայք կհավաքի…, հետո՞ : Մեր բոլոր դժբախտությունների պատճառը միշտ եղել է այն, որ մենք միշտ քննադատել ենք գործ անողին, որ միաբան չենք եղել: Ինչպես կասեր Նժդեհը` հայի թիվ մեկ թշնամին հայի ներսի նախանձն է: Եկեք` ձերբազատվենք ներքին նախանձից, լինենք բարի քրիստոնյա, հերիք է ընդդեմ ինչ-որ մեկի ապրեք՝ ինադու ինչ-որ մեկին, եկեք` ապրենք` հանուն հայրենիքի»,- ասաց Շարմազանովը՝ ամոթանք տալով այն մարդկանց, ովքեր առավոտյան արթնանում են՝ մտածելով, թե ում պատվերն են անելու ինչ-որ մեկի դեմ: