կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-21 17:44
Քաղաքական

Մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից. Վահրամ Բաղդասարյան

Մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից. Վահրամ Բաղդասարյան

Հայտնել ենք, որ այսօր խորհրդարանում կայացել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին դռնփակ նիստը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ  այսօր հիմնականում կազմակերպչական հարցեր են քննարկվել: «Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին, և  4 խմբակցությունների ներկայացուցիչներն ու կառավարության երեք ներկայացուցիչները կսկսեն քննարկումները, կմշակեն ճանապարհային քարտեզը, յուրաքանչյուր կուսակցություն իր տեսակետները կառաջարկի, և կսկսվեն քննարկումները»,- ասաց նա:

Հարցին` «Ելք»-ը ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը պնդում են, որ ռեյտինգային համակարգը պետք է վերանա, ՀՀԿ-ն հակառակն էր պնդում, նույն  կարծիքի՞ն են, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել ներդաշնակ փոփոխություններին: Եթե 90-ական թվականներից մի փոքր էքսկուրս կատարենք, կտեսնենք, որ աստիճանաբար մեծամասնականից անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի:  2017-ին անցանք խորհրդարանական համակարգին և որդեգրեցինք ամբողջական համամասնական ընտրակարգ` թողնելով տարածքային ցուցակները, որ պահպանվի տարածքների ընդհանուր կապը ԱԺ-ի հետ»:

Բաղդասարյանի խոսքով` ցանկացած ընտրություններից հետո առաջանում են նոր պահանջներ, և, քաղաքական զարգացումներին զուգահեռ, պետք է նոր պահանջներ լինեն: «Անկախ այս` ստեղծված իրավիճակից` Ընտրական օրենսգիրքը պետք է քննարկվեր և պետք է մեկ քայլ առաջ արվեր: Մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից, բայց պետք է լուրջ քննարկում կազմակերպենք` արդյո՞ք մեր քաղաքական դաշտը պատրաստ է ամբողջովին մեկ ցուցակով համամասնականին անցնելուն, շատ կարևոր է միջազգային կառույցների կարծիքը»,- ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ հարկավոր է դասեր քաղել  նախորդ ընտրություններում այն բացթողումներից, որոնք քննադատությունների առարկա էին դարձել, և կարողանանք վերացնել այդ ամենը: «Պետք է ունենանք  միջազգային հարթակներում  ընկալելի ժողովրդական երկրի Ընտրական օրենսգիրք և գնանք դրանով առաջ»,- ասաց նա:

Հարցին` իրենք ի՞նչ առաջարկներ են  ներկայացնելու, Բաղդասարյանը պատասխանեց, որ արդեն աշխատում են իրենց առաջարկների վրա, և ամսի 4-ին իրենց քաղաքական ուժը կներկայացնի դրանք: