Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավագ դպրոցների համակարգում հնարավոր են փոփոխություններ, բայց այդ մասին խոսելը վաղ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այն բովանդակությունը, որը դրվել է ավագ դպրոցի վրա, իր նպատակին չի ծառայում: Բարեփոխումների ընթացքում, նախարարի կարծիքով, այս մոդելը կարող է աշխատել: «Չեմ կարծում, որ սեպտեմբերի 1-ից կլինի փոփոխություն, բայց բարեփոխումները պետք է արագ կատարվեն, որպեսզի ավագ դպրոցն իր նպատակին ծառայի»,- ասաց Հարությունյանը:
Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ, քանի որ շատերը բարձրացնում են առարկան ուսումնական ծրագրից հանելու հարցը, նախարարը պատասխանեց, որ առարկայի վերաբերյալ դիմումները շատ են՝ թե' պահպանելու, թե' հանելու համար: «Անկեղծ ասած՝ դրան դեռ ժամանակ չի հասել, քանի որ դրանից շատ ավելի հրատապ խնդիրներ պետք է լուծենք: Մեր հանրությունը սպասում է, որ կախարդական փայտիկի մեկ հարվածով բոլոր խնդիրները պետք է լուծվեն, բայց ես խնդրում եմ համբերությամբ զինվել: Մենք օպերատիվ կերպով առկա խնդիրները լուծում ենք, իսկ գլոբալ խնդիրներն ավելի ուշ լուծումներ կստանան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բոլոնյան համակարգին և հարցին, թե հնարավո՞ր է դուրս գանք այնտեղից, Հարությունյանը պատասխանեց, որ բոլոնյան համակարգից դուրս չենք գա, քանի որ այնտեղ բավականին լավ գործիքներ կան, և մեկ միասնական դաշտ է ստեղծվում: «Բոլոնիայի համակարգը տեխնիկական փոփոխությունների մեջ հասկացանք, կարծես, սակայն բովանդակային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն էլ կա: Այնտեղ հիմնական գործիքներն ուսանողների շարժունակությունն ու կրեդիտների փոխանցելիությունն էր, ինչին մենք լուծում չտվեցինք: Ռեկտորների հետ հանդիպման ժամանակ ես այս հարցը բարձրացրել եմ, և այսուհետ դրան մեծ ուշադրություն է դարձվելու»,- նշեց նա: