|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Գերմանիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել Պարույր Սևակի ստեղծագործությունների՝ գերմաներեն թարգմանությամբ գիրքը:
Այսօր Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը լրագրողներին հայտնեց, որ գիրքը հրատարակել է «Շիլլեր» ընկերությունը, թարգմանիչը Ագապի Մկրտչյանն է:
«Գիրքը կոչվում է «24/4». Սևակի տարբեր ժողովածուներից են ընտրել ստեղծագործություններ, որպեսզի գերմանացի ընթերցողը Սևակի գործերի մասին ամբողջական կարծիք կարողանա կազմել: Գիրքը շատ են գնում, և մենք այն վերահրատարակելու մասին ենք արդեն մտածում»,- ասաց նա:
Օրդուխանյանը նշեց նաև, որ գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար դիմել էին Բունդեսթագի Կենտրոնական գրադարանի տնօրենին, սակայն նա հրաժարվել էր տարածք տրամադրել: «Դրսում թուրքական լոբբին շատ լավ է աշխատում: Իրականում գրադարանի տնօրենը շատ լավ կին է, բայց նա պատասխանեց, թե. «Արդեն հոգնել եմ ձեր` հայ-թուրքական վեճերից»: Կինն ասաց, եթե գեղարվեստական գիրք լիներ, ուրիշ բան, բայց «հայկական թեմատիկայով» գրքերի շնորհանդեսներ չեն կարող իրենց մոտ լինել, քանի որ թուրքերը միշտ գալիս և փորձում են չեղարկել միջոցառումները»,- պատմեց Օրդուխանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենք, այնուամենայնիվ, շնորհանդեսը կազմակերպելու համար այլ տարածք են ընտրել և այն կյանքի կոչել: