կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 15:16
Քաղաքական

Իրողությունների հետ հաշվի նստել. Փաշինյան

Իրողությունների հետ հաշվի նստել. Փաշինյան

ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ արտաքին քաղաքականության հարցերում Նիկոլ Փաշինյանը մեղմորեն պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը: Նա հարցրեց` արդյոք Փաշինայնը վաղը 180 աստիճանով չի փոխի իր դիրքորոշումը երկրի ներքին հարցերի վերաբերյալ և բացահայտ չի պաշտպանի այն, ինչը նախկինում մերժել է:

«Այս տարիների ընթացքում արդյո՞ք իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չէ, որ ստեղծվել է այս բարենպաստ իրավիճակը` ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ Դուք կարողացաք որոշակի հաջողություններ արձանագրել»,- հարցրեց Աճեմյանը:

Փաշինյանը պատասխանեց, որ նախկինում էլ բազմիցս ասել է, որ վտանգավոր և անթույլատրելի է համարում արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձերը: «Մենք տեսել ենք, թե ինչպես որոշ երկրներում քաղաքական գործիչները, փորձելով իրենց օբյեկտիվ ընկալումներին համապատասխանեցնել երկրի` արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունները, երկիրը կանգնեցրել են աղետների առաջ: Ես չեմ ասում, որ ես կողմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ես ասում եմ, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրողություն է, և այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի: Սա շատ պարզ բան է, խոսքը վերաբերում է իրողությունների հետ հաշվի նստելուն»,- նշեց նա:

Խոսելով երկրում քաղաքացիական հասարակության ունեցած ազատությունների մասին` Փաշինյանն ասաց. «Անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստներն այն տարածքը, որ ունեն, սանտիմետր առ սանտիմետր ազատագրել են ապօրինության և բեսպրեդելի ճիրաններից: Այդ ընթացքում զոհվել են Հայաստանի Հանարապետության տասնյակ քաղաքացիներ, այդ ընթացքում բանտերում են հայտնվել ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, և թող որևէ մեկը չակնկալի, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել, և ընդհանրապես` որևէ մեկը թող չակնկալի, որ մենք մեր հաղթանակների, մեր սկզբունքների համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ քաղաքական գործչի, որովհետև այդ ամենը մենք նվաճել ենք մեր տառապանքների, մեր երեխաների և ընտանիքներին զրկանքների ենթարկվելու գնով»: