կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 15:18
Քաղաքական

Սա աղետ է, ի՞նչ ճար եք տեսնում. Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին

Սա աղետ է, ի՞նչ ճար եք տեսնում. Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին

ԱԺ հերթական քառօրյայի նիստում, ուր քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսներ նախարար Գագիկ Խաչատրյանին:

Նա նախ արձանագրեց, որ երկիրը չի զարգանում ու չի զարգանում ոչ թե աշխարհում ստեղծված հանգամանքների, այլ մեր իսկ պատճառով: Բագրատյանը հիշեցրեց, որ երբ 2008թ. Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, նա խոստացավ 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, Սերժ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում տնտեսությունը պետք է զարգանար 84 տոկոսով, մինչդեռ` այս պահին 15 տոկոս է: Եվ այս թվերի համեմատությունը իշխանությունների աշխատանքի գնահատականն է:

«Սա աղետ է, մեր երկիրն առաջ չի գնում, տնտեսությունը չաճեցնել` նշանակում է բոլորիս լճացման մեջ պահել: Ի՞նչ ճար եք տեսնում»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ պատմության դասերը ցույց են տալիս, որ չզարգացող երկրները պետք է իրենց տեղը զիջեն զարգացող երկրներին:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ Բագրատյանը միակ պատգամավորն է, որը կառավարությանը ծանր վիճակի մեջ է դրել` ուղարկելով 49 հարցում, որոնք լուրջ են: Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, նախարարը նշեց, որ ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները, որպես կանոն, մոտ չեն լինում արձանագրված ցուցանիշներին, և բացառություն չէ նաև Հայաստանը:

«Լավ կլիներ, որ մեր կանխատեսումները վերջում համապատասխանեին արձանագրված ցուցանիշին, առաջին շահագրգռված մարդկանցից մեկը ես եմ, որ ունենանք լավ տնտեսական ցուցանիշներ: Եթե դիտարկենք, թե տնտեսական աճի ցուցանիշները արդյո՞ք հարկ բերող ցուցանիշներ են, կտեսնենք, որ տնտեսական աճի ցուցանիշները այլ են: Իհարկե, կառավարությունը շատ լուրջ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնի, որը ուղղված լինի ՀՆԱ-ի տեմպերի աճին, և մենք լուրջ քայլեր ենք իրականացնում գործարար միջավայրի բարելավման համար»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Նախարարը կարևոր գործոն համարեց աշխարհի տնտեսության մեջ անկանխատեսելիության գործոնը, որը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:

Հրանտ Բագրատյանը արձագանքեց` ասելով, որ չի կարող ասել, թե այս պահի դրությամբ ինչ պետք է անել Հայաստանի տնտեսության հետ, որ այն փրկվի, բայց լավ պատկերացնում է, թե ինչ պետք է չարվի: Նա հավելեց, որ 2016-ը, քաղաքական ու տնտեսական առումով, ավելի անկանխատեսելի ու բարդ է լինելու Հայաստանի համար: