կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-01 16:33
Քաղաքական

Իրականությանը չհամապատասխանող ախմախություն էր. Հրանտ Բագրատյանը` ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Իրականությանը չհամապատասխանող ախմախություն էր. Հրանտ Բագրատյանը` ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Մարտի 1-ին նվիրված՝ ՀԱԿ կուսակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ներկայացնելով Հայաստանի տնտեսությունը վերջին վեց տարիներին՝ նա նշեց, որ իր ձեռքին է Սերժ Սարգսյանի` 6 տարի առաջվա նախընտրական խոստումների ցուցակը: Նա թվային տվյալներով ներկայացրեց ու համեմատականներ անցկացրեց Սերժ Սարգսյանի խոստումների և իրական տնտեսական վիճակի միջև:


«Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ օգնել հնարավոր չէ: Որևէ բան փոխել արդեն անհնար է: Ու եթե չենք փոխելու, անիմաստ ենք հավաքվել էստեղ»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ տասնյակ խանութներ են փակվում, բյուջեն դատարկ է ու չի հավաքվում, փոխարենը մեկ երկու հոգու սուպերմարկետներ են բացվում:

 

Նա նաև անդրադարձավ կուտակային կենսաթոշակային ռեֆորմին՝ ասելով, որ իշխանություններն ամեն անգամ ասում են. «Վա՞տ ենք անում, որ ձեր մասին մտածում ենք»: «Բայց դա բացարձակ հիմարություն է, այդպես չեն մտածում ուրիշի մասին: Եթե ժողովուրդը ծերանում է, ուրեմն կենսաթոշակային տարիքն է պետք բարձրացնել: Մեկ հատ 5 տոկոս վճարում ենք եկամտահարկ, հինգ տոկոս պարտադիր կուտակային վճար, հինգ տոկոս էլ բյուջեից են դնելու այդ վճարի վրա: Բայց այդ բյուջեն ո՞ւմն է: Ստացվե՞ց 15 տոկոս: Ձեր տված բարեկեցիկ ծերությունը ձեր գլխին կպնի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

 

Նա նաև նշեց, որ 45 տարով գումարները արտասահմանցուն տալը նույնպես աբսուրդ է: Իսկ արտասահմանում կենսաթոշակների կուտակման ժամկետը 10 տարով է: Հրանտ Բագրատյանը նշեց, որ խորապես վիրավորված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից, թե աջակցում է կուտակային կենսաթոշակային ռեֆորմին: «Պարզապես իրականությանը չհամապատասխանող ախմախություն էր այդ հայտարարությունը: Էսպես չի կարելի մեզ հետ վարվել: Իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը կազմված է ճզմելու ու գռփելու, վատ ապրելու փիլիսոփայության վրա, ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում»,- ասաց նա` հավելելով, որ իրենք կարող են ԱՄՆ բուհերում դասախոսություններ կարդալ պարտադիր կուտակային ռեֆորմի վերաբերյալ: