Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանին հարց ուղղեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ անհանգստացած է ցմահ դատապարտյալների հարցով և նրանց հետ աշխատանք տանող վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի հետ կապված խնդիրներով:
«Ինձ դիմել են ցմահ ազատազրկվածների հարազատները: Կուզենայի ձեր դիրքորոշումն իմանալ այդ հարցի վերաբերյալ, քանի որ գործեր կան, որոնք դատական կարգով պարտադիր պետք է վերանայվեն, սակայն սայլը տեղից չի շարժվում»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ իրենց կուսակցությունը հանձնաժողովի գործունեության հետ կապված մի շարք բողոքներ է ստանում, ըստ որոնց՝ մարդուն մի հանցանքի համար երկու անգամ են դատապարտում:
«Միայն անցած շաբաթվա ընթացքում 13 նամակ ենք ստացել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Բավարար չէ՝ մարդուն մի անգամ դատապարտում են, մի անգամ էլ՝ նվաստացնում՝ հույս տալով, որ մի դրական փոփոխություն կլինի: Այդ հանձնաժողովի գործունեությունը դարձել է պարզապես աղետ: Այն կա\'մ պետք է լուծարել, կա\'մ պետք է վերանայել դրա գործունեությունը: Այն գիր ու ղուշի տարբերակով՝ ում դիմումը կուզենա, կբավարարի, իսկ որևէ դիմումի բավարարման մեջ որևէ տրամաբանություն չկա»,- շեշտեց պատգամավորը:
Ի պատասխան Զոհրաբյանի բարձրացրած հարցադրմանը, ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հարցը բյուջեի քննարկման հետ կապ չունի, սակայն պատասխանեց. «Երեկ օմբուդսմենը եղել է ՔԿՀ-ներում ու առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա»:
Նաիրա Զոհրաբյան էլ շեշտեց, որ միայն հայտարարությունները բավարար չեն: «Մենք էլ ենք պարբերաբար հանդես գալիս տարբեր հայտարարություններով, սակայն ցանկանում ենք տեսնել որևէ շոշափելի լուծում: Մինչ օրս որևէ լուծում չի եղել: Ի՞նչ է, մենք չե՞նք կարող, ԱԺ-ի ու ՄԻՊ-ի լիազորություններն օգտագործելով, հրավիրել հանձնաժողովի անդամներին՝ քննարկման: Միգուցե մեր ինտելեկտը չի՞ հերիքում կամ ա՞յլ սկզբունք է դրված նրանց գործունեության հիմքում, որ հասկանանք՝ ինչ են անում»,- նշեց նա: