կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 11:10
Քաղաքական

Կոչ ենք անում կոռեկտ ընտրապայքարի, ով կանցնի կարմիր գիծը, կստանա համարժեք պատասխան. Նաիրա Զոհրաբյան

Կոչ ենք անում կոռեկտ ընտրապայքարի, ով կանցնի կարմիր գիծը, կստանա համարժեք պատասխան. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անիմաստ է համարում այս պահին խոսել հետընտրական հնարավոր կոալիցիաների մասին: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Թե ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այս բոլոր հարցերին իմաստ կունենա անդրադառնալ բացառապես միայն դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհդրանական ընտրություններից հետո: Հնարավոր հետընտրական զարգացումների հետ կապված հարցերի ես իրավասություն չունեմ և իմաստ չեմ տեսնում պատասխանել այն պարզ պատճառով, որ որևէ մեկն այս պահին չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքը»,- ասաց Զոհրաբյանը:

Դիտարկմանը` կարծիք կա, որ այս արտահերթ ընտրությունները լինելու են բովանդակազուրկ, սևերի-սպիտակների բաժանումը անխուսափելի կլինի կրկին, պատգամավորն արձագանքեց. «Ընտրություններին բովանդակություն տալը կախված է քաղաքական ուժերից, և եթե քաղաքական ուժերը չզբաղվեն ամեն օրը, օրինակ, ապատեղեկատվությունների մեկնաբանմամբ, այլ հանրությանը հնարավորություն տրվի ներակայացնելու տնտեսական, քաղաքական օրակարգ, մեզանից յուրաքանչյուրի նախընտրական ծրագիրը, հավատացնում եմ ձեզ, որ ընտրությունները կլինեն բովանդակային»:

Դիտարկմանն էլ` հիմնական պայքարը գնում է երկու ուժի մեջ` ՀՀԿ և ՔՊ, ԲՀԿ-ի մասին չի խոսվում, Զոհրաբյանը պատասխանեց, որ նման բան չի նկատում: «Խոսելով չի որոշվում ամեն ինչ: Շատ մարդու մասին շատ բան են խոսում: Մենք գնում ենք` օրակարգում ունենալով մեր քաղաքական և տնտեսական ծրագիրը, մեր զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին: Մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ: Բոլորին կոչ ենք անում կոռեկտ ընտրության, ով կխախտի կոռեկտության սահմանը, ով կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, բնականաբար, անպայման համարժեք պատասխան կստանա»: