կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 14:30
Իրավական

Հանցավոր խմբի «պարագլխի» կալանքի ժամկետը դարձյալ երկարաձգվեց

Հանցավոր խմբի «պարագլխի» կալանքի ժամկետը դարձյալ երկարաձգվեց

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Նշենք, որ երեկ նույն դատարանը երկարաձգել է գործով կալանավորված այլ մեղադրյալների կալանքի ժամկետները ևս:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: Տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ (այդ թվում` «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: