կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 11:25
Իրավական

Լիսկայի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանն արդարացվեց

Լիսկայի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանն արդարացվեց

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը շուրջ մեկ տարվա կալանքից հետո, քննիչի որոշմամբ, արդարացվել է:

Yerkir.am-ին Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբանի խոսքով` թեև առավոտյան 9-ին քննիչը նման որոշում է ուղարկել, սակայն մինչ այս պահը սպասում են դատախազի որոշմանը, որպեսզի Բուդաղյանին ազատ արձակեն: Այս պահին Բուդաղյանը դեռ գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում:

Նշենք, որ այս գործով մյուս երեք մեղադրյալները դեռևս կալանքի տակ են:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):