Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ yerkir.am-ը գրել էր, որ առաջիկայում ազատ կարձակվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված` կապանցի Գարեն Աթաջանյանը: Նշենք, որ նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և հենց առողջական խնդիրներ ունենալու հիմքով էլ շուտով նրա խափանման միջոցը կփոխվի: Չնայած առողջական «գանգատներին»` Աթաջանյանին չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:
Այսօր էլ, ահա, մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Գարեն Աթաջանյանին արդեն ազատ են արձակել: Yerkir.am-ը պարզեց, որ ԱԱԾ-ն դեռևս ձգձգում է նրան ազատելու գործընթացը, չնայած նրան, որ Գարեն Աթաջանյանն իրենց ձեռնտու ցուցմունք է տվել գործով մեկ այլ մեղադրյալ` Արա Բուդաղյանի դեմ, իսկ եզրակացության պատասխանն արդեն ստացվել է:
Մեզ հետ զրույցում Աթաջանյանի պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը հերքեց իր պաշտպանյալի՝ ազատ արձակման վերաբերյալ տեղեկությունը: Աթաջանյանի որդին՝ Մհերը, իր հերթին մեզ հայտնեց, որ իր հայրն ազատության մեջ չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաքննական մարմինը արդեն տևական ժամանակ է` փորձում է համոզել Աթաջանյանին՝ ցուցմունքներ տալ գործով մեկ այլ մեղադրյալ` Արա Բուդաղյանի դեմ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):