Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՃՈ աշխատակիցների վրա զենք պահած, բայց հետո տուժող ճանաչված` «Արմավիր» ԲԿ-ի բժշկի 21-ամյա որդու՝ Էդգար Դավթյանի զենքն օրինական է եղել: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել էին դատախազությունից:
Նախքան հիշյալ տեղեկությունը ստանալը yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև բժշկի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված գործը քննած Հատուկ քննչական ծառայություն՝ ճշտելու՝ արդյո՞ք Է. Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվել է զենք կրելու մասով, թե՞ ոչ: ՀՔԾ-ից ևս պատասխանել են մեր հարցմանը: Հղում կատարելով ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածին՝ նշել են, որ սույն հոդվածի 4-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար:
«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կողմից դեռեւս 2012 թվականի դեկտեմբերի 21-ից հինգ տարի ժամկետով տրված թույլտվության համաձայն՝ Էդգար Դ.-ն ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունի հիշյալ ատրճանակը պահելու եւ կրելու, հետեւաբար՝ նրա արարքում բացակայում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235- րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը»,-նշված է ՀՔԾ-ի պատասխանում:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 15-ին «Արմավիր» բժշկական կենտրոնի բաժնի վարիչներից մեկի որդին՝ բժշկական համալսարանի ուսանող Էդգար Դավթյանը, «Վալտեր» տեսակի ատրճանակը պահել էր ՃՈ աշխատակիցների վրա այն բանի համար, որ նրանք «հանդգնել էին» կանգնեցնել իր՝ առանց պետհամարանիշերի մեքենան: Արդյունքում` ՃՈ աշխատակիցները վնասազերծել էին զենքով շրջող 21-ամյա ուսանողին: Էդգար Դավթյանը դեպքից հետո ձերբակալվել էր, սակայն դատախազի ցուցումով ազատ արձակվել: Այնուհետև՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՃՈ աշխատակիցների դեմ՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Նախաքննության համաձայն՝ Էդգար Դավթյանին վնասազերծելուց հետո Արտակ Ղազարյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Էդգար Դ.-ի նկատմամբ կատարել բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ: Արտակ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ գործը հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: