կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 15:11
Հասարակություն

Թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի թույլտվությունը, առողջապահության նոր նախարարի կարծիքով, պետք է լուրջ ուսումնասիրվի

Թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի թույլտվությունը, առողջապահության նոր նախարարի կարծիքով, պետք է լուրջ ուսումնասիրվի

Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մանուկյանն այսօր, երբ փորձեցինք ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման վերաբերյալ նրա հայտարարության կապակցությամբ որոշ հարցեր ճշտել, պատասխանեց, որ, որպես բժշիշկ, ինքը միշտ պայքարել է դրա դեմ, բայց որ, որպես նախարար, նման հայտարարություն է արել, առաջին անգամ է լսում:

 

«Չնայած հիմա, առիթից օգտվելով, կարող եմ ասել, որ խիստ դեմ եմ դրան եւ բոլոր հնարավոր միջոցներով, որ օրենքը թույլատրում է, պայքարելու եմ դրա դեմ: Խոսքը ծխախոտի մասին է»,- ասաց նախարարը:

 

Նշենք, որ մայիսի 6-ին, ինչպես հայտնել էր առողջապահության նախարարությունը, նախարար Արմեն Մուրադյանը, ընդունելով «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին, կարևորելով երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը, նշել էր. «Մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երևույթներ»:

 

Երբ հետաքրքրվեցինք' ալկոհոլի մասին էլ նույն բանը կասի՞, նորանշանակ նախարարը պատասխանեց, որ ալկոհոլի դեմ ինքը որեւէ բան չի կարող ասել, մինչեւ օրենսդրական դաշտը մանրամասն չուսումնասիրի: «Եվ այնտեղ կան, անշուշտ, խնդիրներ, որ այսօր լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- նշեց Արմեն Մուրադյանը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե, որպես նախարար, նաեւ` որպես բժիշկ, ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի որոշ պատգամավորների' հեռուստատեսությամբ ալկոհոլի գովազդն ընդլայնելու օրենսդրական նախաձեռնության նկատմամբ, նախարարը, նշեց, որ, ըստ երեւույթին, մեր ազգաբնակչությանը սովոր է այն կուլտուրան, որ մենք միշտ չափի մեջ ենք ալկոհոլ օգտագործել, եւ օրենսդրական դաշտում այդ հարցը լրջագույն ուսումնասիրության առարկա պետք է դառնա: «Իսկ եթե սա ուզում ենք կապել առողջական խնդիրների հետ, ասեմ, որ չափից դուրս օգտագործումը, միանշանակ, վնասելու է»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Նախարարից մեկնաբանություն խնդրեցինք նաեւ շրջանառվող այն լուրերի կապակցությամբ, թե, զբաղեցնելով նախարարի պաշտոնը, նա իր թիմն է բերելու, իսկ գործող աշխատակազմը կամաց-կամաց ցրելու է: Նախարարն ասաց, թե չգիտի' ինչով է պայմանավորված այդ մտավախությունը, համենայն դեպս, աշխատակազմն այսօր ամբողջ ծավալով աշխատում է: Նա նշեց, թե այն լուրերը, որ աշխատակազմին եւս հրահանգված է 100 օր լռություն պահպանել,  չեն համապատասխանում իրականությանը' հաշվի առնելով, որ թե' հեռուստահաղորդումներով, թե' լրատվամիջոցներով գրեթե ամեն օր աշխատակազմի տարբեր ներկայացուցիչներ տալիս են հրատապ հարցերի պատասխաններ:

 

Վերջում նախարարը տեղեկացրեց, որ իրենց բոլոր ծրագրերն ուղղված են լինելու հանրային առողջությունը, առաջնային բուժօղակները պահպանելուն, առողջապահության որակը բարձրացնելուն, մատչելիությունն ու, անշուշտ, հասանելիությունը ապահովելուն, եւ գերակա խնդիրներից է դիտարկվում մոր եւ մանկան առողջությունը: