Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադան հետ է կանչել նախկինում տրված՝ զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր խիստ ռեժիմի ներքո, Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունները, մինչև ավարտվի հետաքննությունն այն մեղադրանքների վերաբերյալ, որ կանադական տեխնոլոգիան Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում:
Միջոցառումները հաջորդել են 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը, որը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան այդ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը և ներխուժեց այնտեղ:
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, ազգային պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ, այդ ժամանակվանից ձեռնամուխ է եղել բոլոր կասեցված և գործող, վավեր՝ Թուրքիա արտահանման թույլտվությունների մանրակրկիտ վերանայմանը: Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում բացահայտվել են համոզիչ ապացույցներ, որ Լեռնային Ղարաբաղում կիրառվել է Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան, ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին: Նման կիրառումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի՝ վերջնական կիրառման հավաստիացումներին:
Այս առավոտ ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ`վերահաստատելու Կանադայի մտահոգությունները և նախաձեռնելու երկխոսության մեխանիզմ կանադացի և թուրք պաշտոնյաների միջև` փոխվստահություն հաստատելու և արտահանման թույլտվությունների շուրջ համագործակցությունն ընդլայնելու համար` վերջնական կիրառման երաշխիքների հետ համապատասխանություն ապահովելու համար:
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական հիմունքներով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կանադան դադարեցրել էր թուրքական ԱԹՍ-ների համար կարևոր մասեր մատակարարել այն բանից հետո, երբ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ապացուցվեց, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվում են Արցախում։ Ըստ երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության՝ կանադական սարքավորումներով թուրքական ԱԹՍ-ները պետք է ծառայեն բացառապես խաղաղ նպատակներով՝ հիմնականում Սիրիայում փախստականների համար։ Սակայն Թուրքիան դա խախտել է դեռևս 2019 թ. հոկտեմբերին՝ հերթական անգամ Սիրիա ներխուժելով։