կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-24 12:02
Իրավական

ՃՈ աշխատակիցների վրա զենք պահած, բայց հետո տուժող ճանաչված` բժշկի 21-ամյա որդու զենքն օրինական է եղել

ՃՈ աշխատակիցների վրա զենք պահած, բայց հետո տուժող ճանաչված` բժշկի 21-ամյա որդու զենքն օրինական է եղել

2015թ. ապրիլի 15-ին ճանապարհային ոստիկանների վրա զենք պահած` «Արմավիր» բժշկական կենտրոնի բաժնի վարիչներից  Գառնիկ Դավթյանի որդու՝ բժշկական համալսարանի 21-ամյա  ուսանող Էդգար Դավթյանի ատրճանակն օրինական գրանցում է ունեցել: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին դատախազությունից:

 Հիշեցնենք, որ հիշյալ դեպքից հետո Էդգար Դավթյանը ձերբակալվել էր, սակայն դատախազի ցուցումով ազատ արձակվել: Փոխարենը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել  պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Հիշյալ գործը հանձնվել է  դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը  հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 Նախաքննության համաձայն՝  Էդգար Դավթյանին  վնասազերծելուց հետո Արտակ Ղազարյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Էդգար Դ.-ի նկատմամբ կատարել բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ: ՃՈ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես yerkir.am-ին հայտնեցին դատախազությունից, Արտակ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Առաջադրված մեղադրանքում Ա. Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել։ Էդգար Դ.-ն ճանաչվել է տուժող: Նրա մոտ հայտնաբերված ատրճանակը եղել է գազային, օրինական և գրանցված է եղել նրա անունով»,- ասված է դատախազության՝ մեզ ուղղված պատասխանում:

Մեր այն հարցին` արդյո՞ք  Էդգար Դ.-ի մասով առանձին քրեական գործ կա հարուցված, դատախազությունից պատասխանեցին՝ ոչ: