Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա հունիսին ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի խայտառակ պահվածքի մասին վկայող տեսանյութը հայտնվել էր համացանցում: Պատգամավորը հայհոյել էր ճանապարհային ոստիկանին, երբ վերջինս «համարձակվել էր» կանգնեցնել նրա ավտոմեքենան: Դեպքից անմիջապես հետո Դավթյանի կուսակից ընկերները, արդարացնելով նրա քայլը, մեկնաբանել էին, թե` հնարավոր է` մարդուն հասցրել են այդ աստիճանին:
Թեև դեպքն ուսումնասիրվել էր ոստիկանությունում, սակայն հայհոյանքի արժանացած ՃՈ աշխատակիցները չէին դիմել դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորի արտահայտությունները հրապարակային բնույթ չեն կրել:
Հիշյալ դեպքից ընդամենը մի քանի ամիս առաջ էլ մեկ այլ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արմավիրում: «Արմավիր» բժշկական կենտրոնի բաժնի վարիչներից մեկի որդին՝ բժշկական համալսարանի ուսանող Էդգար Դավթյանը, «Վալտեր» տեսակի ատրճանակը պահել էր ՃՈ աշխատակիցների վրա այն բանի համար, որ նրանք «հանդգնել էին» կանգնեցնել իր՝ առանց պետհամարանիշների մեքենան: Արդյունքում` ՃՈ աշխատակիցները վնասազերծել էին զենքով շրջող 21-ամյա ուսանողին: Էդգար Դավթյանը դեպքից հետո ձերբակալվել էր, սակայն դատախազի ցուցումով ազատ արձակվել:
Եվ ահա` դեպքից ամիսներ անց պարզվում է, որ իրականում Էդգար Դավթյանն է տուժել ոստիկանների գործողություններից: Մասնավորապես` Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել 21-ամյա ուսանողին վնասազերծած ՃՈ աշխատակից Արտակ Ղազարյանին: Նախաքննության համաձայն՝ Էդգար Դ.-ին վնասազերծելուց հետո Արտակ Ղազարյանը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Էդգար Դ.-ի նկատմամբ կատարել բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ:
ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ գործը հատուկ քննչական ծառայությունը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշյալ գործի վերաբերյալ yerkir.am-ը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ու դատախազություն՝ ճշտելու, թե ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի «Արմավիր» ԲԿ-ի բժշկի որդին, արդյո՞ք նրան պատկանող զենքն օրինական է եղել և այլն:
Ի դեպ, մամուլում հրապարակումներ կան բժշկի որդու կատարած այլ արկածների մասին: Մասնավորապես` ամիսներ առաջ Էդգար. Դ-ի հարևանը, ով ԱԱԾ նախկին աշխատակից է, ոստիկանության Արմավիրի բաժնում հայտարարություն էր տվել, թե Էդգարն իրեն ծեծի է ենթարկել: Թե ի՞նչ ընթացք է ստացել այս գործը, yerkir.am-ը կներկայացնի առաջիկայում: