կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 17:00
Հասարակություն

Արտերի մեջ պառկած թալանչիները կրակում էին օդի մեջ, ոմանք էլ մարդկանց էին խփում

Արտերի մեջ պառկած թալանչիները կրակում էին օդի մեջ, ոմանք էլ մարդկանց էին խփում

Աղբյուրը՝ armeniangenocide100

Վաղինակ Ավետիսյանի պատմությունը

1907 թ., Կաղզվան

Արմեն Ավետիսյանը Armeniangenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի՝  Վաղինակ Սահակի Ավետիսյանի օրագրից պատառիկներ: Վաղինակ Ավետիսյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 12-ին Կաղզվան քաղաքում` Տեր-Արթինենց Սաքոյի գերդաստանում: 1910 թ. վախճանվում է հայրը` Սահակը: Նրա մահից մեկ տարի անց մորը` Եղիսաբեթին, ամուսնացնում են երկրորդ անգամ, իսկ Վաղինակը մնում է հորեղբոր` Մուշեղի խնամակալության ներքո: Տարրական կրթությունը ստանում է Կաղզվանի դպրոցում: 1917 թվականի փետրվարին գաղթում են Կաղզվանից նախ Կարս, ապա Գյումրի, Ղարաքիլիսա (Կիրովական), այնուհետև գնում են Թբիլիսի, Վլադիկովկաս, այնտեղից էլ Արմավիր, հետո Ռասշևոտկա գյուղ, որտեղ ապրում են մինչև 1919 թ. հունիս ամիսը: 1919 թվականի օգոստոսի 15-ին վերադառնում են Կաղզվան: 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Կաղզվանում Վաղինակ Ավետիսյանը նորից ընդունվում է դպրոց, սակայն սեպտեմբերի 2-3-ին սկսվում է երկրորդ գաղթը: Ամբողջությամբ բնակեցված Կաղզվանը նորից դատարկվում է, գաղթում են երկրորդ անգամ: Մինչև 1920 թ. կրկին բնակվում են Գյումրիում: 1920 թվականին մեկնում է Ռուսաստան: 1927 թ. մարտին մշտական բնակություն է հաստատում Երևանում: Սովորում է նախ լիկկայանում, ապա Ձերժինսկու անվան դպրոցում: 1930 թ. ընդունվում է համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1928 թ. հունվարի 18-ին ամուսնանում է Հասմիկ Կանայանի հետ (նրա հայրը Դրաստամատ Կանայանի (Դրո) հորեղբոր տղան էր) և ունենում 5 զավակ : 1936-1968 թթ. աշխատում է Երևանի Ասֆալտ-բետոնի գործարանում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Վաղինակ Ավետիսյանը մահացել է 1978 թ. հոկտեմբերի 13-ին:

 

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԹՈՌՆԵՐԻՆ…

 

Իմ սիրելի երեխաներ, թոռներ և ազգականներ, իմ այս անցյալը, որը ես համառոտ գրում եմ, պետք է դարեր շարունակ լավ պահեք` լավ և վատ օրերս հիշելու համար: Այն մինչ իմ չորս-հինգ տարեկան դառնալս ինձ պատմել են մայրս և մոտ հարազատներս, որից հետո մինչ այս գրի առնելս շատ լավ հիշում եմ, թարմ է մնացել իմ ուղեղում:

 

Մեր գերդաստանը

 

1907 թվականի հունվարի 12-ին լույս աշխարհ եմ եկել Կաղզվան քաղաքում` այգեգործի ընտանիքում: Մեր գերդաստանը հորական պապիս անունով կոչվում էր Տեր-Արթինենց Սաքո: Կաղզվանցիները մեզ չեն ճանաչում այլ անունով, բայց, չգիտեմ ինչու, կոչվում ենք Ավետիսյան:

 

Իմ ծնունդը շատ ուրախություն է պատճառում մեր ընտանիքին, որը բաղկացած էր տասներկու շնչից` պապս տատիկիս հետ, չորս տղաներն (Սահակ, Մուշեղ, Արմենակ, Գևորգ) իրենց կանանց հետ: Ունեցել եմ մեկ հորաքույր` Շողոկաթ անունով: Կաղզվանում պապս ջուլհակություն է արել տանը: Ունեցել է մեծ այգիներ պտղատու ծառերով, ընտիր պտուղներ` տանձ, բազմատեսակ ընկույզ, բալ, խաղող էլ ունեինք, բայց Երևանի խաղողին չի հասնի որակի և քաղցրության տեսակից: Պատճառն այն է, որ մեզ մոտ ամառը շատ շոգ չէ: Մեր միրգը շատ հյութեղ և քաղցր է: Մեր այգին մեծ` 3000 կամ 4000 մետր քառակուսի մեծությամբ տարածություն ուներ, կային միայն 60 հատ թթենի, 50-60 հատ ծիրանենի և տասնյակ տարբեր ծառեր: Այդ իսկ պատճառով պապս ամբողջ աշխատանքը բաժանել էր տղաների վրա:

 

Առաջին գաղթը

 

1917թ. փետրվարի վերջերին մի օր հորեղբայրս սովորականից շուտ եկավ և կարգադրեց հնարավորինս շուտ հագնվել. մինչև լույս պետք է քաղաքը դատարկել: Բոլորը չգաղթեցին: Կովերի վրա գցեցին գորգեր, կարպետներ և ինչ որ հնարավոր էր: Յուրաքանչյուրն իր երեխային տեղավորեց անասունների վրա, ձիու վրա նստեցրինք տատիկիս: Ես քաշում էի ձիու սանձն ու քշում անասուններին: Շարժվեցինք դեպի Արաքսի կամուրջը: Կամրջից անցնելու ժամանակ բավականին մարդիկ ընկան ջուրը: Արաքսը մեծ ջուր էր, ընկնողն իսկույն խեղդվում էր: Գալիս ենք դեպի Կարս քաղաքը: Չենք շտապում, որ շուտ հասնենք, անընդհատ հետ ենք նայում, միգուցե ճանապարհից հետ դառնանք: Այս հույսերով հասանք Կարս: Խոսակցություն կար` պետք է Կարսն էլ դատարկել և գնալ դեպի Գյումրի: Ոոտքով ճանապարհվեցինք: Ես շատ դեսուդեն վազվզեցի: Սոված էի, ծարավ: Մութն ընկել էր, ցուրտ էր: Խառնվեցի գաղթականներին, ուր որ գնում էին, ես էլ հետները գնում էի, որտեղ կրակ էինք տեսնում` տաքանում էինք և նորից շարունակում ճանապարհը: Գաղթականության հետ գնում եմ: Մի քանի բոլորովին անծանոթ, բարի, խիղճ ունեցող գաղթականներ նստեցնում էին իրենց սայլի վրա, մի փոքր կտոր հաց էին տալիս, հարցուփորձ անում, թե ինչպես է, որ մենակ եմ: Ես մանրամասն պատմում էի: Խղճում էին ինձ և մի քիչ քայլելով, մի քիչ սայլին նստելով` հասցրին ինձ Ալեքսանդրապոլ քաղաքը: Արդեն երեկո էր: Հարցուփորձ անելով` գտա մեր ազգականներից մեկին` Աբայենց Կարապետի ընտանիքին: Երկու-երեք օրից հորեղբայրս ինձ գտավ:

 

Ղարաքիլիսայում

 

Առաջին անգամն էր, որ մեր էրգրից դուրս էի եկել: Տասը տարեկան էի: Մոտ հինգ-վեց ամիս է` չէի տեսել մորս և չափից դուրս կարոտել էի: Հորեղբորս հետ միասին հասանք այնտեղ, որտեղ ապրում էին մյուս հորեղբայրներիս ընտանիքները` Մուշեղն իր ընտանիքով (աղջիկը` Սալվինազը` տասներեք տարեկան, տղաները` Վարոսը` յոթ տարեկան և Աղան` երեք-չորս տարեկան) և Արմենակ հորեղբայրս, կինը և երեք աղջիկները, ամենամեծը վեց տարեկան: Ես էլ եկա, դարձանք նորից տասնմեկ շունչ:  Կարսից փախչելուց հետո անցել էր մոտ տասնհինգ օր:

 

Մոտ երկու ամիս մնացինք Ղարաքիլիսայում: Բայց հասած լուրերի պատճառով՝ ստիպված նորից գաղթեցինք: Վագոններում տեղ չլինելու պատճառով մերոնք տեղավորվեցին շոգեքարշի վրա. մուր, կեղտ, մազութ` այդ բոլորն աչքին չէին գալիս, կյանքն ամեն ինչից թանկ էր: Տեղավորվեցինք այդ մրերի վրա: Գնալու ենք Թիֆլիս: Հազիվ կայարանից հեռացել էինք մեկ-երկու կիլոմետր, մեկ էլ ցորենների միջից սկսվեցին կրակոցներ: Ամբողջ գաղթականությունը, ամենքն իջնում ու վազում էին դեպի Թիֆլիսի կողմը, իսկ այդ արտերի մեջ պառկած թալանչիները կրակում էին օդի մեջ, ոմանք էլ մարդկանց էին խփում: Կիսակայարան փախանք: Այստեղ այլևս ոչ երեխա էին ճանաչում, ոչ մեծ, ոչ փոքր: Ամենքը փախչում էին: Մամս (տատիկս) կլիներ յոթանասուն տարեկանից ավել, նա էլ շոգեքարշի վրայից իրեն գցեց և փախչում էր: Չանցած մի քանի ժամ` օգնության հասավ զրահապատ գնացքը և երբ սկսեց գնդացրով կրակել, արտերի մեջից կրակոցը դադարեց: Բավականին մարդիկ սպանվեցին և վիրավորվեցին: Թիֆլիսում շատ քիչ մնացինք: Շարունակեցինք դեպի Վլադիկովկաս` Վայենի գրուզինսկի ճանապարհով, Կազբեկով: Բավականին գաղթականություն էր գալիս այդ ճանապարհներով: Հինգ-վեց օրից հասանք Վլադիկովկաս:

 

Ռասշևոտկայում

 

Գնացինք Ռասշևոտկա գյուղ: Հարուստ գյուղ էր, մեծամասնությունը կազակներ են, մնացածը` մուժիկներ: Մեզ` մոտավորապես 10 ընտանիքի տեղավորեցին գյուղի մի ծայրում: Գերեզմաններից ոչ հեռու դատարկ տեղ էր: Երբ բնակիչներն իմացան, որ գյուղի մոտ գաղթականություն է եկել, սկսեցին ամեն ինչ բերել մեզ համար` ամեն տեսակի խմորեղեն, ճաշ և այլն: Մեր ընտանիքը մեծ էր` տասներկու շունչ, այնպես որ մեզ համար հազիվ հարմար բնակարան գտանք: Մերոնք էլ վարձեցին Խլյուստով Իվան Մակարովիչի բնակարանը: Հորեղբայրներիս կանայք սկսեցին իրենց համար աշխատանք գտնել. բրդից շալեր էին գործել: Վարձատրում էին հացով` մի քանի բուխանկա, յուղով և այլն:

 

Ռասշևոտկայում ապրեցինք մինչև 1919թ. գարունը: Լուրեր տարածվեցին, որ մեր երկրի մուտքը բաց է, արդեն մեկ տարի առաջ որոշ մասը վերադարձել է: Հայրենիքը քաղցր բան է, մանավանդ մեր հարազատ ծննդավայրը, հողն ու ջուրը: Իսկ ես ամենաշատն եմ շտապում գնալ, որովհետև, ինչքան որ կարոտել էի մեր այգուն, մրգերին, իմ հասակակից ընկերներին, կրկնապատիկ և հարյուրապատիկ կարոտել էի հարազատ մորս, որին արդեն երեք տարի է, որ չէի տեսել և գիտեի, որ Կաղզվանում է:

 

Դեպի Կաղզվան

 

1919 թ. հունիս ամսին Մուշեղ հորեղբորս ընտանիքով դուրս եկանք Ռասշևոտկայից: Գնում ենք հայրենիք: 1919 թ. օգոստոսի 15-ին հասանք Կաղզվան` մեր քաղաքը հարազատ, որը մագնիսի պես մեզ ձգում էր դեպի իրեն: Կաղզվանին դեռ 7-8 կիլոմետր ճանապարհ կար, որ հասնեինք: Իր ձիով մեզ դիմավորելու էր եկել հորեղբորս բաջանաղը` Հուրոյի Թադևոսը, որն արդեն մեկ տարի է, ինչ Կաղզվանում էր: Ձին տվեցին ինձ և պատվիրեցին, թե` կգնաս մեր այգին: Ես հասկացա մեր այգին: Ձիու քայլերն արագացրի և շտապում էի շուտ տեղ հասնել: Նստած թամքած ձիուն` հպարտ-հպարտ բարձրանում էի կամրջի մոտից բարձունքը, որը տանում էր մեր Պետրոս բերդի այգին: Հասնելուն պես մեր այգու հարևաններն իսկույն դուրս թափվեցին փողոց: Ձիուս սանձը բռնել էին և բաց չէին թողնում, որպեսզի իմանան, թե ով է մնացել մեզանից, և ուր էին մերոնք: Կեսը թուրքերեն, կեսը ռուսերեն մի կերպ հասկացրի որոշ բաներ: Բացի այդ էլ` այգու մոտերքն էի, սիրտս լորի սրտի պես արագ գցում էր, և շտապում էի, որ մտնեմ մեր այգին և կանչեմ ամենամոտ և հարազատ ընկերոջս: Մտա դարբասից բակը և ձիուս կապեցի ծառից և բղավեցի` Անդրանի¯կ: Այդ միջոցին տանից դուրս եկան անծանոթ մարդիկ: Հարցրին իմ ով լինելս և սկսեցին ինձ հյուրասիրել: Այդ բոլորն ինձ չէր հետաքրքրում: Անհամբեր սպասում էի ընկերոջս: Եվ մեկ էլ տեսա, որ արագ վազելով հասավ ինձ, փաթաթվեցինք, համբուրվեցինք: Այդ պահին իմ ուրախությունն այնքան էր, որ չիմացա, թե երբ սկսեց մթնել: Նոր հասկացա, որ մերոնք գնացել են Կոտրած կամրջի այգին, որտեղ ապրում էր հորեղբորս բաջանաղը` Հուրոյի Թադևոսը: Արդեն մութն ընկել էր: Նստեցի ձին և գնում եմ մերոնց մոտ: Ճանապարհները շատ լավ գիտեի, և մինչ այժմ էլ իմ հիշողությունից չի գնացել:

 

Պետրոս բերդը և Կոտրած կամուրջն իրարից մոտավորապես երեք վերստ հեռու են: Առաջին գիշերն էր, ինչ գաղթվելուց հետո նորից վերադարձանք մեր ծննդավայրը: Նորից քնում ենք մեր քաղաքում: Բայց ամբողջ գիշերը քունս չէր տանում, ուզում էի գնամ մորս տեսության, որին արդեն երեք տարի էր, ինչ չէի տեսել: Վաղուց էր, որ եկել էին Կաղզվան: Իմացա, որ ապրում է Զվարի այգում` իր եղբոր այգում: Եղած հագուստից լավը հագնվեցի և գնում եմ տեսության կարոտացած մորս: Հասա դռանը, բայց, չգիտեմ ինչու, չեմ կարողանում միանգամից բացել և մտնել բակը: Վերջապես համարձակվեցի և մտա բակը, որտեղ ներս ու դուրս են անում: Մայրս ինձ տեսնելուն պես անմիջապես վազեց, ինձ գրկեց և ուրախության արցունք էր թափում: Մեկ օր մնացի մորս մոտ, կարոտս առա: Այժմ անհամբեր սպասում էի, որ գնամ իմ հորական այգին: Հաջորդ օրը գնացի իմ այգին: Ամեն ծառ մեկ առ մեկ նայում եմ, հետաքրքրվում եմ, ուրախանում եմ և ջուր եմ անում: Սրտանց կպել էի գործիս` հավատալով, որ այլևս ոչ մի բան չի պատահի, այսպես կապրենք մինչ մեր կյանքի վերջը: 1919 թ. օգոստոսի 15-ից մինչ սեպտեմբերի 1-ը ամեն օր գնում եմ մեր այգին և խնամում եմ, ջրում եմ և այլ գործերով զբաղվում:  

1919 թ. սեպտեմբերի 1-ի առավոտ վեր կացանք, վերցրեց իր երկու երեխային` մեծ աղջկան` տասնչորս տարեկան Սալվինազին, ութ-ինը տարեկան տղային` Վարոսիկին, և ինձ` տասներկու տարեկան, բերեց քաղաք: Ընդունվեցինք դպրոց, յուրաքանչյուրս իր համապատասխան դասարան: Ուրախ, զվարթ վերադարձանք տուն: Երկու օրից պետք է գնայինք դասի: Սեպտեմբերի երեքին եկանք դասի: Հավաքվել էինք դպրոցի բակում, բավական ժամանակ սպասում էինք զանգին, բայց զանգ չկար: Ուսուցիչներից մեկը տուն ուղարկեց: Եկա մորս տուն, որտեղ երկու տղա էլ կար: Մեկը մորս ամուսնու տղան էր` Մնացականը` ինը տարեկան, երկրորդը` Մնացականի հորեղբոր տղան` Սրապիոնը` տասներեք տարեկան:

 

Երեքովս վազվզում ենք այգու այս ծայրից մյուս ծայրը, մրգեր քաղում, ուտում: Մեկ էլ քաղաքում ապրող Ֆահրադի թոռ Ավոն եկավ և ասաց¸ որ պետք է շտապ պատրաստվել եւ քաղաքը դատարկել:

 

Երկրորդ գաղթը

 

Շատ լավ հիշում եմ` 1919 թ. սեպտեմբերի 2-3-ն էր: Ես իսկույն վազեցի Կոտրած կամրջի այգին, որտեղ ապրում էին մերոնք, որ շուտ այդ լուրը հասցնեմ հորեղբորս: Ժամը 12-ն էր, երբ նորից սուգի մեջ մտավ Կաղզվանը, նորից գաղթ: Դարձյալ հավաքվեցինք Արազի կամրջի մոտ: Արդեն ժամը երեք-չորսը կլիներ, երբ ամբողջ քաղաքը նորից կամրջի վրա էր հավաքված: Գիշերվա ժամը 12-1-ը դարձավ: Լուր եկավ, որ ճանապարհներին վտանգ չկա, կարելի է գնալ: Այս անգամ գրեթե գաղթականության 90%-ը ոտքով էր,  չկար ոչ մի սայլ, ոչ մի անասուն: Գնում ենք Կարս: Լավ չեմ հիշում` քանի օր կամ շաբաթ մնացինք, որից հետո աշնան կեսերին Կարսում թնդանոթները կրակեցին: Սկսվեց գաղթը: Շատերն էլ բարձրացան ամերիկացոց որբանոցները, որպեսզի փրկեն իրենց կյանքը: Ոտքով գնում էինք Մորբեդի ձորով, երկու կողմերը` բարձր լեռներ, տակից գնում են ճանապարհը և գետը: Գնում ենք դեպի Ալեքսանդրապոլ քաղաք: Գնում ենք սոված, ծարավ, ոմանք, ուժասպառ լինելով, վայր ընկնելով: Աշնան ցուրտը մի կողմից, ցեխ, սովը մյուս կողմից, կրակոցներ: Չտեսա, թե հորեղբորս ընտանիքը որ կողմը գնաց: Ես մենակ գնում եմ, ոտքերիս հնամաշ տրեխ կար: Այդ ցեխի մեջ ոտքերիցս ընկան, մնացի լրիվ ոտաբոբիկ: Ճանապարհից դուրս եմ եկել, անծանոթ վայր, ոտաբոբիկ, խճուղու տեղը չեմ իմանում, որով գաղթականությունն է գնում: Ստիպված եղա հարցնել, թե խճուղին որտեղ է: Ինձ ասացին, որ եթե այս ջուրն անցնեմ, այն բարձունքի տակով խճուղին է գնում: Այնքան էլ մեծ ջուր չէր, բայց մի բարակ սառույց էր բռնել, ջուրն էլ` մինչև չոքերս: Բոբիկ ոտքերով, առավոտ շուտ սառույցը կոտրելով` անցա այդ փոքր գետը և բարձրացա այդ փոքր բարձունքը, որի վրա մեծ կրակ էր վառվում, շուրջն էլ կաղամբի տերևներ էին թափված: Մի կողմից ոտքերս եմ տաքացնում, մյուս կողմից էլ այդ թափած կաղամբի տերևներն եմ ուտում:

 

Ալեքսանդրապոլում

 

Լաց լինելով գալիս եմ քաղաքի կենտրոնը, որպեսզի մտնեմ շուկա: Կարող է մի ծանոթի հանդիպեմ: Շուկայում ման եմ գալիս սոված, ծարավ: Արդեն մութն ընկնում է, ինչ անել, ուր գնալ: Ոտքերս մրսում են, բոբիկ եմ: Վերջապես մի մարդ մոտեցավ և հարցրեց ինձ, թե որտեղացի եմ, ում եմ ման գալիս: Պատմեցի ամեն ինչ: Բերեց մի շենքի մոտ ու անմիջապես գնաց: Մոտեցա դռանը և թակեցի: Երբ բացին, տեսա հորեղբորս կնոջը` Գյարանին:

 

Ոտքերիս ոչինչ չպատահեց, իսկ հորեղբորս կնոջ ոտքի մատերը լրիվ ցրտահարվել էին Կաղզվանից երկրորդ անգամ գաղթվելու ժամանակ: Տեղափոխեցին հիվանդանոց: Մոտ երեք ամիս պառկեց, երկու ոտքի մատերը հեռացրին: Երբ հիվանդանոցում պառկած էր, ես երկու օրը մեկ անգամ գնում էի հիվանդանոց տեսության: Բացի ինձանից` ոչ ոք չէր կարող գնալ: Ամբողջ քաղաքը ասկյարներով լցված էր, և շատ վտանգավոր էր: Մեծերին կամ մանավանդ աղջիկներին տանում էին, իսկ տղամարդկանց ոչնչացնում էին: Ես տասներկու տարեկան էի, ինձ ոչինչ չէին ասում:

 

Մի երեկո տանը ջուր չլինելու պատճառով Արմենակ հորեղբայրս վերցրեց պարանը և դույլը, որպեսզի ջուր բերի: Դռան առաջ ջրհորն էր, ընդամենը 5 մետր հեռավորության վրա: Դուրս գալուն պես ասկյարները բռնեցին, տարան: Որոշ ժամանակ տանը սպասեցինք, ապա ինձ ուղարկեցին դուրս: Դուրս եկա, դեսուդեն եմ վազում և բղավում եմ:Ոչ մի ձայն չկար: Մեր հարևանները ձայնս լսեցին, ինձ կանչին ներս. ինձ ասացին, որ հորեղբորս հրելով, քաշքշելով տարան: Այդ ճանապարհով էլ գնաց 35 տարեկան հորեղբայրս, թողեց 4 երեխա և կինը, այլևս չվերադարձավ:

 

Մի անգամ էլ Մուշեղ հորեղբորս տարան Ջաջուռի թունելը, բայց բախտը բերեց, կաշառել էր հսկողներից մեկին և ողջ վերադարձել տուն: Ոսկիները տալով ասկյարին` փրկեց իր կյանքը: Մարդիկ սոված էին, պետք է դուրս գային, որպեսզի երեխաների համար գոնե գարի ճարեին, ոսկով կամ թանկարժեք հագուստով գարու հետ փոխեին, իրենց գոյությունը պահեին: Ջաջուռի թունելում տասնյակ հազարավոր մարդ կոտորվեց, որը սովից, որը ծեծից: Եթե մի հազար մարդ տանեին այդտեղ աշխատելու, հազարից հարյուրը վերադառնային, լավ էր:

 

…Մի օր ինձ և Գևորգ հորեղբորս կնոջ քեռու տղային` 12-13-ամյա Հրայրին, հանդիպեց մի թուրք և հարցրեց, թե ուր ենք գնում: Ես պատասխանեցի, որ գնում ենք կայարան` հացի կտոր կամ փայտ ճարելու: Ասաց¸ որ հետևենք իրեն¸ իբր մի փոքր գործ կանենք¸ որի դիմաց մեզ փայտ կտա: Կայարան չհասած` մեզ տարավ գոմերի կողմը և մտցրեց գոմը, ցույց տվեց մեր մաքրելու տեղը, տվեց ցախավելը: Հրայրի հետ մաքրում եմ: Կատաղած ձիեր են, մի կերպ աշխատում ենք մաքրել: Այդ ժամանակ մեզ մոտ եկավ մի հասարակ ասկյար և հարցրեց, թե մեզ ով է բերել այստեղ: Ասկյարը, որը նկատել էր այն մեկին, որ թուրն էր պատրաստում, որ գա գոմ, անմիջապես գլխի է ընկնում, որ նորից հայի երեխա է բերել մորթելու համար: Վազելով եկավ մեզ մոտ և ասաց, որ սա էլ քանի երեխա մեր հասակին բերում է այստեղ և թրով գլուխները թռցնում, մաս-մաս անում և թրիքի հետ դուրս գցում այն պատուհանից, որից թրիք են թափում: Սկսեցինք լաց լինել: Մեզ հանգստացրեց, ապա ինքը բարձրացավ մսուրի մեջ, կռացավ ու մեզ ասաց.

 

–Բարձրացե՛ք մեջքիս և այդ պատուհանից գցե՛ք ձեզ դուրս` թափած թրիքի վրա ու փախե՛ք, քանի կենդանի եք:

 

1919 թ. սեպտեմբերի վերջերից մինչև 1920 թ. մարտի սկզբները ասկյարները զինամթերք և այլ հարստություն էին տեղափոխում Ալեքսանդրապոլի պահեստներից դեպի Թուրքիա: Վերջում, երբ չկարողացան ամբողջը տեղափոխել, բարութի պահեստը վերջի օրերին պայթեցրին և դարձյալ բավականին վնաս հասցրին քաղաքին:

 

1920 թ. մարտ-ապրիլ ամիսն էր, երբ թուրքերը գնացին և մուտք գործեց խորհրդային իշխանությունը: Սկսեց քաղաքի ամբողջ խորը նկուղները դիակներից մաքրել: Ստիպում էին մաքրել բոլոր նկուղները և ջրհորները, որովհետև եղանակը տաքանում էր: Եթե ժամանակին չմաքրեին, շոգերը կընկնեին, և խոլերա կլիներ:

 

Ես էլ նայում էի այդ դիակներին, որպեսզի Արմենակ հորեղբորս դիակն էլ գտնեմ: Այն փռից, որ թուրքերը զբաղեցրել էին և հաց էին պատրաստում իրենց զորքի համար, միայն դրա նկուղից հարյուրավոր դիակներ հանեցին: Որի վզին պարան կար, որի մարմնի վրա այրվածների և ամեն տեսակի չարչարանքների հետքեր: Հանում, դնում էին սայլերի վրա և տանում էին: Այդ ժամին ուժեղ անձրև թափվեց:

 

Քաղաքը գրեթե լրիվ մաքրվեց, բայց, միևնույն է, մարդիկ մահանում էին սովից: Դեռ խոտն էլ չէր կանաչել, որ խոտով սնվեին:

 

1920 թ. մարտի վերջերն էր: Արմենակ հորեղբորս կնոջ` Գյարանի մոտ մնացել էր երեք աղջիկ: Նրանք էլ այսօր թե վաղը սովից մահանալու էին: Մայրը ոչինչ անել չէր կարող: Հենց դուրս գար, այլևս տուն չէր գա, կընկներ ասկյարների ձեռքը: Այլևս փրկություն չկար: Սոված անհույս  մայրը լսել էր, որ մոտ օրերս ամերիկացիք Ալեքսանդրապոլից փոքր` չորս տարեկանից մինչև տասներկու տարեկան երեխաներին տանելու են Ամերիկա: Այդ օրը գալուն պես հագցրեց եղած շորերից երկու աղջկան: Փոքրը` Վարսենիկը, կլիներ ոչ ավելի, քան չորս տարեկան, իսկ նրանից մեծը` Տիգրանուհին (Տիկուշ), վեց-յոթ տարեկան: Երկու քույրերին, ձեռք ձեռքի բռնած, խառնեցինք այդ որբերին, որոնց տանում էին Ամերիկա:

 

Նրանց ճանապարհ դրեցինք, իսկ մայրը, մոտ մեկ ժամ ուշքը գնացած, չէր կարողանում տեղից վեր կենար: Մինչ օրս էլ չիմացանք կենդանի մնացին, թե ոչ: Ամենամեծ աղջկան` ութամյա Արմենուհուն, թողեց իր մոտ, իբր թե տարավ որբանոց: Մի երկու անգամ եկավ տուն և այլևս չերևաց: Նա էլ այնտեղ սովամահ եղավ:

 

1920թ. կրկին գնացի Ռուսաստան¸ հաստատվեցի Բելայա Սելո գյուղում:  1927 թվականի մարտին եկա Երևան`մորս և հարազատներիս մոտ: