կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 17:53
Քաղաքական

Վտանգավոր էր, ասում էին՝ պատուհաններից հեռու կանգնեք․ ադրբեջանցիները քարերով խփում էին Հայաստանից գնացող գնացքներին, իսկ հիմա կկրակեն. Ռ. Սաֆրաստյան

Վտանգավոր էր, ասում էին՝ պատուհաններից հեռու կանգնեք․ ադրբեջանցիները քարերով խփում էին Հայաստանից գնացող գնացքներին, իսկ հիմա կկրակեն. Ռ. Սաֆրաստյան

Yerkir.am-ի զրուցակիցն է արեւելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

-«3+3» ձեւաչափի շրջանակներում Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են՝ փոխարտգործնախարարների մակարդակով, Վրաստանը հրաժարվել է մասնակցել: Ձեւաչափն ի՞նչ հեռանկարներ է բացում տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, եթե  իրապես կարգավորմանն է ուղղված: Անկարա-Մոսկվա կամ Անկարա-Թեհրան զույգերն իրապե՞ս պատրաստ են այս ձեւաչափով հարաբերություններ պարզել: Տպավորություն է, որ տողատակում «3+3»-ը ստեղծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, հակամարտության քննարկման համար, որտեղ թելադրողը Թուրքիան պիտի լինի:

-Այս ձեւաչափը լուրջ արդյունքներ չի կարողանա գրանցել: Վրաստանի բացակայությունը նշանակում է, որ այն դառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ձեւաչափ: Մենք ունենք արդեն հարաբերությունների կարգավորման եռակողմ ձեւաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան: Հիմա դառնում է ոչ թե եռակողմ, այլ ավելանում է նաեւ Թուրքիան, որը մեզ թշնամի պետություն է: Ռազմավարական առումով՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն իրար հակադիր շահեր:  Բայց, տակտիկական առումով, որոշակի ընդհանուր եզրեր գտնում են: Կարծում եմ, որ այս ձեւաչափը չունի հեռանկար, եւ այո, ստացվում է, որ այն ստեղծվել է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համար:

-Գործնականում Ռուսաստանն իր դիրքերը, փաստորեն, զիջում է Թուրքիային: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպերկինը ձեւաչափը դրական գնահատել՝ նշելով, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա:

-Շատ ճիշտ նշեցիք՝ փաստորեն, Ռուսաստանն իր դիրքերը զիջում է: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է իր դիրքերը տարածաշրջանում զիջել, այլեւս մենաշնորհ չունի․ մինչ այդ ինքն էր բոլոր հարցերը կարգավորում: Ռուսաստանը գտնվում է ծանր պատժամիջոցների ներքո, ստիպված է տարածաշրջանում, որոշ իմաստով, զիջումներ անել Թուրքիային: Ասվածի ամենակարեւոր ցուցիչն ինձ համար այն է, որ երբ Աղդամում ստեղծվեց մոնիթորինգի կենտրոն, այն ստեղծվեց որպես ռուս-թուրքակա,ն եւ սա թույլ տվեց Ռուսաստանը: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ, ռազմավարական առումով, Ռուսաստանը եւ Թուրքիան մնում են հակառակորդներ:

-Ինչո՞ւ Վրաստանը հրաժարվեց անդամակցել «3+3» ձեւաչափին, բոլոր կողմերը կողմ էին նրա անդամակցությանը:

-Վրաստանը սկզբունքորեն չի ընդունում մասնակցություն որեւէ ձեւաչափի, կազմակերպության, միջազգային ծրագրերի, որտեղ կա Ռուսատանը: Վրաստանը համարում է, որ Ռուսաստանն օկուպացրել է իր տարածքը: Այստեղ կա նաեւ Արեւմուտքի գործոնը: Թուրքիան Ռուսաստանին գրավում է այս ձեւաչափով, որ ասում է՝ տեսե՛ք, Արեւմուտքը դուրս է թողնվում մեր տարածաշրջանից: Ռուսաստանը դրական է այս քայլը գնահատում:

- Թուրքիան, լինելով Արեւմուտքի բաղկացուցիչ մաս, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար շատ հավատարիմ դաշնակից, ինչպե՞ս է կարողանում խաղալ տարածաշրջանում եւ սիրաշահել Ռուսաստանին:

-Թուրքիան ե՛ւ ռուսներին է սիրաշահում, ե՛ւ Արեւմուտքին: Վերջիններիս ասում է՝ ես տարածաշրջանում կլինեմ՝ «ձեր աչքերն  ու ականջները»: Թուրքիան երկակի խաղ է խաղում եւ երկու դեպքում էլ շահում է:

-Եթե հաշվի առնենք Թուրքիայի՝ տարածաշրջանում գերակա դիրք ունենալու նկրտումները եւ Հայաստանի իշխանությունների կողմից ուղարկված դրական ազդակները, կարո՞ղ ենք ենթադրել, որ որոշ ժամանակ անց Թուրքիան ունենալու է Հայաստանի նկատմամբ վերահսկողություն եւ գործելու է թելադրողի դիրքերից:

-Թուրքիան ակնհայտորեն դրան էլ ձգտում է՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի իմաստով:

-Այս իմաստով՝ Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի ղեկավարությանն ուղարկված դրական ազդակները արդո՞ք չեն բացում մեր պետության դռները թշնամու առաջ:

-Վերջին շրջանում ակնհայտորեն տեսանելի է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բավական սրվել են՝ կապված Ուկրաինայի հետ: Հայաստանի համար շատ կարեւոր հնարավորություն է, եւ մենք պետք է օգտվենք: Ռուսաստանը հիմա վճռականորեն մեր շահերը կպաշտպանի Թուրքիայի դեմ: Կարծում եմ՝ պետք է շատ արագ գործել, որովհետեւ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:

-Եթե Ռուսաստանը, մեղմ ասած, «ձեռքերը լվանա» Հայաստանից՝ ռազմական եւ քաղաքական իմաստներով, ինչպես նաեւ խաղաղապահ զորքը դուրս բերի սահմաններից, Արեւմուտքը պատրաստակա՞մ է Հայաստանին օգնել: Հանուն մեզ՝ ԱՄՆ-ը կգնա՞ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման:

-Ցավոք, ոչ: Իհարկե, դրական մոտեցում կա Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից: Բայց, ինչպես ցույց տվեց Արցախյան վերջին պատերազմը, Արեւմուտքը մեզ օգնելու համար ոչ մի բան չարեց: Կոչեր եղան, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց: Ներկա պայմաններում մեր ստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանն է, ուրիշ ոչ ոք:

-«3+2» ձեւաչափով հանդիպումների ժամանակ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերն են նաեւ քննարկվելու: Ի՞նչ եք կարծում՝ Ալիեւը սեղանին կդնի՞ «Զանգեզուրի միջանցք» ունենալու՝ իր համար այդքան երանելի հարցը:

-Այո, նման քննարկումներ նախատեսվում են, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցեր են քննարկվելու, եւ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանը միջանցք չտալու կամքը պահի եւ շարունակի այն հստակ գիծը, որ ոչ մի միջանցք չպետք է լինի:

-Բայց իրապե՞ս Հայաստանի իշպանություննեը միջանցք չտալու հստակ գիծ ունեն, թե՞ դա հանրության աչքերին թոզ փչելու, շեղելու քաղաքականություն է:

-Հույս ունեմ, որ ոչ թե խաղ է, այլ իսկապես չեն տա: Իշխանությունները կոմունիկացիաների բացելու կողմնակից են: Բայց ես համոզված եմ, որ կոմունիկացիները չեն բացվի, իսկ եթե բացվեն՝ ես խիստ կասկածում եմ, որ դրանք իսկապես նորմալ կգործեն: Հիշում եմ՝ ԽՍՀՄ տարիներին Երեւանից Նախիջեւանով, Ադրբեջանով մինչեւ Բաքու եմ հասել, եւ անգամ խորհրդային շրջանում անվտանգ չի եղել: Վտանգավոր էր, մեզ ուղեկցողներն ասում էին՝ պատուհաններից հեռու կանգնեք․ ադրբեջանցինեը քարերով խփում էին Հայաստանից գնացող գնացքներին: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ի՞նչ կլինի, ոչ թե քարերով կխփեն, այլ կկրակեն:

-Ինչո՞ւ եք վստահ, որ կոմունիկացիաների ապաշրջափակում չի լինի:

-Գործը դրան չի հասնի, քանի որ դա մաս է ընդհանուր ծրագրի: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը կոմունիկացիաների ապաշրջափակումը չէ միայն, նրանց նպատակները շատ ավելի մեծ են, ամբողջ Սյունիքն է: Թուրքիայի պետական ռադիոյի եւ հեռուստատեսության սայթում արտասահմանյան հաղորդումների համար դրել են կոմունիկացիաների քարտեզը, որումղ «կորիդոր» բառը գրված էր ամբողջ Սյունիքի վրա: Նրանք միայն կոմունիկացիայով չեն գոհանա, Սյունիքն են պահանջում: Ընդհանուր առմամբ, Թուրքիան կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միայն այն դեպքում, երբ համոզվի, որ Հայաստանը դարձել է իրենից կախյալ պետություն: Երբեք Թուրքիայի ներկայիս վերնախավը չի ընդունի Հայաստանին որպես իրեն հարեւան հավասար պետություն:

-Ադրբեջանի նմա՞ն:

-Ադրբեջանը նրանց պանթուրքիստական ծրագրի մի մասն է, Հայաստանը՝ հակառակը, խանգարում է այս ծրագրի իրականացմանը: Թուրքիան պատրաստ չէ մեզ հետ հարաբերությունների կարգավորման: Նրանք շահագրգռված են, որ ռուսական զորքերը Հայաստանից հեռանան, եւ Հայաստանն ընդունի Թուրքիայի գերակայությունը: Որպես մոդել՝ լինելու է 1918թ. Բաթումի պայմանագիրը:

                                                                                      Լիանա Սարգսյան