կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 18:18
Հասարակություն

Երևանը վատը չի, բայց մեր գյուղին չի հասնի. սահմանամերձ գյուղերի երիտասարդները գյուղում են տեսնում իրենց ապագան

Երևանը վատը չի, բայց մեր գյուղին չի հասնի. սահմանամերձ գյուղերի երիտասարդները գյուղում են տեսնում իրենց ապագան

Սահմանամերձ գյուղերում աշխատատեղերի բացակայության պատճառով երիտասարդները գնում են արտերկիր` աշխատելու, հատկապես` տղամարդիկ: Գյուղերից մեկում մի անգամ հումոր էլ արեցին. երբ երիտասարդ մի տղա տեսա ու ուրախությամբ սկսեցի հարցուփորձ անել, թե երևի դեմ է արտագաղթին, տարեցները խոսքս կտրեցին. «Ինքն էլ է գնալու, սպասում է կինը հղիանա»…

Նոր սերունդը, սակայն, կարծես բոլորովին այլ ծրագրեր ունի:

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Սուրեն Աբազյանն այս տարի ընդունվել է ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինը: Սուրենն ինչ-որ ժամանակ ապրել է Ռուսաստանում, հիմա եկել է սովորելու և ծառայելու:  «Պիտի գնամ, ծառայեմ, գամ, հետո արդեն ուսումս շարունակեմ ու մտածեմ աշխատելու մասին: Ես քանի որ դեմ եմ արտագաղթին, անպայման կուզեի աշխատել Հայաստանում, եթե ստացվի` հենց մեր մարզում, քանի որ իմ մասնագիտության գծով էլ հեռանկարներ կան»,- ասում է նա:

Սուրենը երազում է` մինչև բանակից գա` սահմանին իրավիճակն արդեն լրիվ խաղաղ լինի: «Կրակոցների պատճառով մեր հողերի մեծ մասը չենք կարողանում մշակել: Հողից շատ բան չենք ստանում, աշխատատեղ չկա, դրա համար էլ բնակչության մեծամասնությունը Ռուսաստանում է: Ես երիտասարդ եմ, տեսել եմ մեծ քաղաքում /ՌԴ-ում/ ոնց են ապրում, բայց, միևնույն է, ուզում եմ իմ գյուղում ապրել, այնտեղ նոր ընտանիք կազմել»,- ասում է նա:

Սուրենն ասում է, որ Ռուսաստանում շփվել է տարեկից ադրբեջանցիների հետ և նկատել, որ նրանք էլ են իր պես մտածում, այսինքն` խաղաղություն են ուզում: «Եթե մենք էլ, նրանք էլ խաղաղություն ենք ուզում` ի՞նչն է խնդիրը»,- հարց է տալիս նա:

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ Տիգրան Դուրյանը, ով այս տարի ժամանակավորապես տեղափոխվել է Երևան` բուհ ընդունվելու հետ կապված, նշում է, որ ինքն էլ ապագան Հայաստանում է տեսնում, իսկ ավելի կոնկրետ` իր գյուղում:

«Հո էսպես չի՞ մնալու, մի օր պետք է, չէ՞, խաղաղություն լինի: Չլինի էլ, կպայքարենք ու կհասնենք դրան: Որ ասեմ`  ապագաս հստակ պատկերացնում եմ, սուտ կլինի, իսկ գյուղից դուրս ընդհանրապես չեմ պատկերացնում: Գյուղը չեմ ուզում լքել, կապվածություն կա: Շատերն են ուզում դուրս գալ, աշխարհ տեսնել, բայց գյուղում ավելի լավ է, ավելի հանգիստ, մարդիկ ավելի մոտիկ են իրար հետ, ջերմ ու անկեղծ: Մի բան է պակասում` գործը, էն էլ կամաց-կամաց երևի աշխատատեղեր կստեղծեն, էլի»,- ասում է Տիգրանն ու հավելում, որ գյուղում հետագայում աշխատելու համար էլ ընդունվել է ագրարային համալսարանի ագրոնոմիայի բաժինը:

Տավուշի մարզ Ներքին Ծաղկավանից Աշխեն Մելքումյանն Իջևանի համալսարանի «Կիրառական արվեստ» բաժնում է սովորում: Աշխենն էլ մասնագիտություն ընտրելիս երկար-բարակ մտածել է` ինչ ընտրի, որպեսզի հետո հենց իր գյուղում աշխատանքի անցնի:

«Որոշել եմ գյուղի դպրոցում աշխատել: Երեխաների հետ սիրում եմ աշխատել, նրանք էլ ինձ են սիրում: Ընկերներիս մի մասը որոշել է քաղաքում մնալ, բայց մեր գյուղն ինձ ավելի է դուր գալիս, քան քաղաքը: Երևանը վատը չի, բայց մեր գյուղին չի հասնի, մեր մոտի մաքրությունն այստեղ չկա: Մեր գյուղը շատ եմ սիրում»,- ասում է աղջիկն ու ինձ հարցնում. «Հո չնեղացա՞ր, որ քաղաքի մասին նման բան եմ ասում»:

Աշխենը վստահ է` շուտով գյուղում կրակոցներ էլ չեն հնչելու, «իսկական» խաղաղություն է լինելու: «Նկատի ունեմ էն խաղաղությունը, որի ժամանակ քունդ չի ընդհատվում կրակոցի ձայնով»,- ասում է նա:

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Լիլիթ Պետրոսյանը նույնպես իրեն գյուղում է տեսնում իր ապագան. Լիլիթն այս տարի ընդունվել է ԵՊՀ-ի իրավագիտության բաժինը, բայց պատրաստ է աշխատել թեկուզ ոչ իր մասնագիտությամբ, բայց` իրենց գյուղում:

«Հա, պատկերացնում եմ, թե ինչքան դժվար կլինի, որ սովորեմ ու չկարողանամ աշխատանք գտնել իմ մասնագիտությամբ, բայց դրանից մի քանի անգամ դժվար կլինի, եթե գյուղից դուրս ապրեմ: Հիմա, օրինակ, Երևանում մեր բարեկամների տանն եմ ապրում, բայց գյուղը կարոտում եմ: Երևանը սիրուն է` գունավոր, լուսավոր, բայց իմ գյուղն ավելի լավն է, ավելի մարդամոտ է»,- ասում է Լիլիթը:

Ըստ նրա` երիտասարդությունը պատճառ չի ունենա հեռանալու գյուղից, եթե մի քանի աշխատատեղեր բացվեն: Լիլիթն ուզում է տարիներ հետո իր գյուղը վերակենդանացած տեսնել: «Երբ դպրոցն ապրում է, երբ ծնողը չի վախենում երեխային դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել, երբ այգում գործ անելիս գլխիդ վերևով թռչող գնդակների թիվը չես հաշվում...»,- նշում է նա:

Լիլիթ կուզեր, որ գյուղացին կարողանար գլուխը հանգիստ բարձին դնել և իմանալ, որ այդ օրվա իր աշխատանքը վաղը չի ոչնչանալու: 

 

Կարինե Հարությունյան