կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-10 17:37
Հասարակություն

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսը

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսը

Այսօր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյան» արվեստի ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը` «Իմ աշխարհը» խորագրով, որի ընթացքում ստուդիայի դասավանդողների կողմից կներկայացվի հաշվետվություն՝ անցած և սպասվող նոր ծրագրերի վերաբերյալ, «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի դիտում /ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան/, ինչպես նաև տեղի կունենա սաների պատվոգրերի հանձնման արարողությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը: Մուտքն ազատ է:

«Սարյան» արվեստի ստուդիան հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերին` թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակում: Այն եզակի արվեստի կենտրոն է, որը գործում է թանգարանի ներսում՝ կազմակերպելով ինտերակտիվ, կրթաճանաչողական և ժամանցային մեթոդներով դասընթացներ: Ստուդիայում կարող են ուսանել 5 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Դասավանդման հիմնական ուղղություններն են նկարչություն, արվեստի պատմություն, գոբելեն: Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից, որոնց շրջանակում կազմակերպվում են այցեր տարաբնույթ թանգարաններ, արվեստի կենտրոններ, ժամանակակից նկարիչների և քանդակագործների արվեստանոցներ, հուշարձաններ և այլն: Դասընթացներն անցկացվում են թեմատիկ փուլերով` շաբաթական մեկ կամ երկու անգամ: Յուրաքանչյուր փուլի տևողությունը 6 ամիս է: Ցանկացողները, տարվա ընթացքում, կարող են միանալ ցանկացած ժամանակ: