կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 17:55
Հասարակություն

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսն անցկացվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այն մեծ ավանդույթներ և տասնամյակների պատմություն ունեցող ցուցահանդես է:

«Նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները,  հասարակությանը ներկայացնել մեր կրթական ծրագրերը, արդի տեխնոլոգիաները, ինչպես նաև հասկանալ կրթական հիմնական ուղղություննները և փորձել միջազգային չափանիշներին համընթաց ծրագրեր իրականացնել: Այս ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն ունենք երկու ուղղությամբ աշխատել՝ նախ ցուցադրել մեր կրթական արտադրանքը, հասկանալ՝ ինչ աստիճանի վրա է այն գտնվում, ապա նաև առիթ ստեղծել՝ ծանոթանալու ՌԴ բուհերի առաջավոր փորձին և կիրառել այն, ինչպես նաև համագործակցության նոր եզրեր գտնել»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: «Ազգային կրթական համակարգերը կարող են ուժեղանալ և որակ արձանագրել՝  միայն քաղաքակրթական մեծ դաշտերում աշխատելու ընթացքում»,-ընդգծել է նախարարը:

Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը. «Ժամանակակից աշխարհում կրթությունը համարվում է երկրի տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը,  իսկ կրթության արտահանումը՝ կարևոր գործոն՝ երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ռուսաստանի կրթական քաղաքականության մեջ տվյալ գործընթացը կարևոր դեր է խաղում: Այդ պատճառով մենք կարևորում ենք կրթության ոլորտում ՌԴ և ՀՀ արդյունավետ համագործակցությունն ինչպես ավանդական և այնպես էլ նոր համատեղ ծրագրերի իրականացման և ուսանողների շարժունության մեծացման ուղղությամբ»,-մասնավորապես նշված էր դեսպանի ուղերձում:
Առաջին անգամ «Կրթություն XXI դար» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմական արխիվը առանձին տաղավարներով ներկայացրել է Հայաստանի և Ռուսաստանի 19-20-րդ դարերի աշխարհիկ և հոգևոր կրթությանն առնչվող եզակի փաստաթղթեր: Ցուցահանդեսի ընթացքում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնն իր հերթին ներկայացրել է ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսանելու ծրագիր, ինչպես նաև անցկացրել ավելի քան 200 դիմորդների մրցութային ընտրություն՝ կրթական բոլոր մակարդակներում 2017-18 ուս տարում սովորելու համար: 
Նշենք, որ այս տարի «Կրթություն XXI դար» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 50 կազմակերպություն՝ բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ, ինչպես նաև հետբուհական կրթական բազմաթիվ ծրագրեր ներկայացնող հաստատություններ,  այդ թվում՝ 10-ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ ՌԴ-ից:

Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները դիմորդներին կներկայացրեն ուսհաստատություններում ընդունելության կանոնների, կրթական արտոնությունների, քննությունների և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Այցելուները կծանոթանան ազգային և միջազգային փորձին, կրթական, գիտական, տեղեկատվական միջավայրի ստեղծման մոտեցումներին:  Բացի հիմնական մասնագիտությունից, աշակերտները և ուսանողները կարող են ընտրել լրացուցիչ կրթության տարբերակներ՝ դասընթացներ լեզվի կենտրոններում, քննությունների նախապատրաստական դասընթացներ, կրթական ծրագրեր արտերկրում: Ցուցահանդեսն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 3-ը: 

ՀՀ ԿԳՆ