կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-22 14:47
Մշակույթ

Մեծ ճանապարհի սկիզբը դրվել է. բացվել է Արսեն Հարությունյանի նկարների ցուցահանդեսը

Մեծ ճանապարհի սկիզբը դրվել է. բացվել է Արսեն Հարությունյանի նկարների ցուցահանդեսը

Երեկ «Հայարտ»-ում բացվեց նկարիչ Արսեն Հարությունյանի առաջին ցուցահանդեսը: Yerkir.am-ի հետ զրույցում Արսենը նշեց, որ թեև մեծ թվով նկարներ ունի, երբեք չէր հանդգնում ցուցահանդես կազմակերպել, քանի որ մտածում էր` դրա համար պահը պետք է հասունանա:

«Եթե անկեղծ ասեմ` մի քիչ էլ համոզել են ինձ, որ արդեն ժամանակն է, բայց նաև նկարները շատ էին կուտակվել, դրա համար էլ փորձեցի ցուցադրել դրանք: Բացի այդ` մտածում էի` արդյո՞ք պատրաստ եմ քննադատությանը, իսկ հիմա, այո, պատրաստ եմ և կուզեի լսել կարծիքներ»,- ասաց նա:

Նկարչի խոսքով` ստեղծագործել փորձել է տարբեր ժանրերում, սակայն քանի որ սովորել է նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, իրեն ավելի լավ է զգում հենց այդ ժանրում: «Նկարներս մի քիչ գունազուրկ են, բայց դա էլ հոգեվիճակից է գալիս»,- նշեց Արսենը:

Արձակագիր, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ առաջին անգամ Արսենի գործերին ծանոթացել է տան պայմաններում: «Երբ տեսա, մտածեցի, որ այս գործերը պետք է մեծ ճանապարհ անցնեն և նեղ անձնական միջավայրում չխեղդվեն: Ուզում եմ սպասել Արսենի մյուս ցուցահանդեսին, քանի որ մեծ ճանապարհի սկիզբն արդեն դրվել է»,- ասաց նա:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Արսենի ուսուցիչներից Աբրահամ Սահակյանը, ով հպարտությամբ էր նայում աշակերտի աշխատանքներին:

«Սա հաջողություն է նրա համար, ուրախություն` ինձ համար: Ինձ համար կարծես մի շրջան է, երբ ցանածս պտուղներն եմ հավաքում: Շատ ուսանողներ եմ ունեցել, բայց ջրի երեսին մնում են նրանք, ովքեր կարողանում են ժամանակի մեջ առանձնանալ: Արսենը շատ հետաքրքիր ձեռագիր ունի, նա հավատարիմ մնաց իր ոճին, հոսանքներից ոչ մեկով չգայթակղվեց, ինչը քիչ բան չէ»,- ասաց Սահակյանը: 

 

\"(Նավապետ)

 

\"(Մունետիկ)

 

\"(Հարսանիք)