Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Նարգիզ Մինասյանը պատմել է Վանիգավառի Վանի գավառակի Արճակ գյուղի կոտորածի մասին: Նա նշել է, որ երբ սկսվել է 1914-ի զորահավաքը, իր տղային՝ Սարգսյին ևս տարել են, սակայն վերջինս մի քանի օր անց կարողացել է փախչել: Երկու ամիս անց տղային կրկին բռնել են ու տարել ռազմաճակատ: Նարգիզը դիմել է իր ծանոթ թուրք պաշտոնյային՝ խնդրելով օգնել: Մուշտանգ էֆենդին կանչել է Նարգիզի ամուսնուն և պատվիրել՝ վերցնել տղաներին ու հեռանալ գյուղից: Նարգիզի ամուսինը բացի իր տղաներից իր հետ է տարել գյուղի մյուս երիտասարդներին ևս՝ թվով 30 հոգի: Հաջորդ առավոտ թուրքերը մտել են գյուղ և կոտորել բոլորին:
«Ես՝ Վանի նահանգի Արճակ գիւղացի Նարգիզ Մինասեանը, 50 տարու, այժմ կապրիմ Բագուի Հայոց գիւղի 7 Նագորնայա N 56 տանը, ինձ կօգնէ Գաղթ. մարմինը:
Մեր երկրին մէջ կապրէի ես մեր տանը, որը 10 անձերէ կը բաղկանար, այժմ կը մնանք ես, ամուսինս` Սեդրակ և տղաներս` Մինաս, Երուանդ, տղուս` Սարգիսի կինը` Սուրմէն, իր աղջիկներ Գոհարիկ, Նոյեմ և Սիրուն, ընդամէնը 8 հոգի:
Զօրք է գնացել տղաս` Սարգիս և չէ վերադարձած: Մեռել է թոռս` Անթառամ:
1914-ի զօրահաւաքը սկսելուն անմիջապէս զօրք տարան տղաս` Սարգիս, որը մի քանի օր մնալէն յետոյ փախաւ: Երկու ամիս վերջ մեզ սաստիկ նեղելով կրկին բռնեցին անոր և տարան ու մինչև հիմա ոչ մի լուր չունինք անկէ:
Պետական պաշտօնեայ թիւրք Մուշտանգ էֆէնդին, որ մեզ հետ ծանօթ էր, նրան դիմեցի խնդրելու, թէ ինչպէ՞ս ընենք մեր տղամարդերուն հետ: Նա կանչեց ամուսնուս և պատուիրեց, որ վերցնէ տղերքը և գիւղէն հեռանայ: Ամուսինս ասոր խօսքին հիման վրայ վերցուց մեր տղերքը և 30-է աւելի գիւղացիներ և գիշերով փախաւ Խառակոնիս: Յաջորդ առաւօտը թիւրքերը մեր գիւղը կոտորեցին: Ես ենթակայ էի այն ամէն վայրագութիններուն, որ տեղի ունեցան մեր գիւղացիութեան:
Վան հասած միջոցին մեր ծանօթ թիւրք Ակիահ էֆէնտին ինձ տեսնելով, երկու փոքրիկներուս՝ Սիրանուշի և Անթառամի հետ, իրենց տունը տարաւ:
5-6 օրէ վերջ իրենք թողուցին փախան և մեզ պատուիրեցին, որ իրենց տունը մնանք և պահպանենք: Իրենց փախչելու երկրորդ օրը Թիմարի գերիները բերին 500-է աւելի անձեր հայերից: Փօլիս մը մեր տունը մտնելով, ինծի ալ հանեց խառնեց ատոնց հետ և մեզ ղրկեցին Արտամետ: Արտամետէ դուրս հանած միջոցին ես, երկու փոքրիկներս վերցուցած, արտաքնոց մը քաշուեցայ և 24 ժամ շարունակ հոն անօթի ու ծարաւ մնացինք: Փոքրիկ ջրի աման մը ունէինք, որու մէջ կը միզէինք և կը խմէինք մեր ծարաւութեան միջոցին: Մի օր վերջ թիւրքերը ամբողջապէս քաշուեցան, մենք Արտամետ գիւղը մտանք: Յաջորդ օրը Այգեստանի երիտասարդներէն մի քանի հոգի եկան և մեզ տեսնելով, վերցուցին իրենց հետը քաղաք տարան, ուր որ գտանք մեր ողջ մնացած տունեցիները, և ուր որ մեռաւ յաջորդ օրը թոռս՝ Անթառամ: Այգեստանը մի քանի օր մնալէն յետոյ մեր գիւղը գացինք: 1915-ի յուլիսեան նահանջին գաղթեցինք Բագու և այժմ կապրինք Հայոց գիւղը»:
1916 թ., Բաքու
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թ. 14-15, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 65 – 66: