կարևոր
616 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 18:32
Հասարակություն

Ամուսնուս կյանքը վտանգված է. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

Ամուսնուս կյանքը վտանգված է. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է ՝  ամուսինը արդեն 20 օր է՝ հացադուլ է անում Բաքվի բանտում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը պատմել է, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը․

«Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա»։

Կինը պատմել է, որ վերջին անգամ կարողացել է տեսնել ամուսնուն ամիսներ առաջ՝ տեսակապի միջոցով, որի ժամանակ նա հիվանդ էր և նիհարած․  «Պատկերացրեք հիմա՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում։ Ես նաև չգիտեմ՝ իմ ահազանգերն անտեսվո՞ւմ են, թե՞ ոչ։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց ամուսինս խնամքի կարիք ունի։ Ես գրառում եմ անում, բայց արդյոք որևէ մեկը ինչ-որ բան անո՞ւմ է։ Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Դիմում եմ նրան որպես կին, ով կարիք ունի իր աջակցության։ Մենք կործանված ընտանիք ենք։ Ես խնդրում եմ նրան նայել բոլոր հուսահատ մայրերին։ Իմ խնդրանքը մեկն է բոլոր ղեկավարներից. խնդրում եմ, օգնեք ինձ»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: