Հակոբ Հովսեփյանի պատմությունը
1903 թ., Վան
Հակոբ Հովսեփյանի պատմությունը
1903 թ., Վան
Հովսեփ Հովսեփյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր և մոր պատմությունը: Հակոբ Հովսեփյանն Այգեստանի թաղամասի` իր հասակակից տղաների հետ դատարկ փամփուշտներ է հավաքել Վանի պաշտպանների համար, ովքեր, դրանք լիցքվորելով, պատրաստի փամփուշտներ են սարքել և դիմագրավել թշնամուն, մինչև ռուսական բանակի զորամասերն առաջապահ հայ կամավորական ջոկատների օգնությամբ ազատագրել են Վանը: Բայց շուտով նահանջելու հրաման է եկել, և սկսվել է գաղթը:
«Իմ հայրը` Հակոբ Հովսեփյանը՝ ծնված 1903թ., ու մայրը` Սիրարփի Հովսեփյանը (օրիորդական ազգանունը` Նալբանդյան), ծնված 1909թ., Ցեղասպանության ականատեսներ են եղել: Երկուսի ընտանիքներն էլ Վանից էին: Մորական պապս` Մարկոս Նալբանդյանը, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Վանից մեկնում է Պոլիս, աշխատանքի անցնում թուրք ռեստորանատիրոջ մոտ՝ որպես խոհարար: Տատիս պատմելով, նա ամեն օր վաստակել է մեկ թուրքական ոսկեդրամ (հինգանոց): Կարճ ժամանակով Պոլիս են գալիս նաև տատս և մայրս: Որոշակի գումար վաստակելով՝ պապս Պոլսի բանկերից մեկում գումար է ավանդ դնում, իսկ մնացած գումարով ընտանիքով վերադառնում են Վան: Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Ծնվում է նրանց երկրորդ զավակը` Ծերուն քեռիս:
Երբ սկսվում է Վանի հերոսական պաշտպանությունը, այնուհետև արտագաղթը, նրանք, իրենց հետ վերցնելով հագուստ, բանկի չեկը և որոշակի գումար, հազարավոր փախստականների հետ ոտքով ճանապարհվում են Արևելյան Հայաստան: Գաղթի ճանապարհին ենթարկվում են քուրդ զինված ավազակների հարձակմանը, նրանցից թալանում են ամբողջ զարդեղենը, գումարը և բանկի փաստաթուղթը: Գաղթի ճանապարհի զրկանքներին չդիմանալով՝ մահանում է իննամսական քեռիս: Մեծ դժվարություններով, թալանված հասնում են Երևան և բնակության հաստատում Կոնդի Թափաբաշ փողոցի լքված կիսանկուղային մի խոնավ խրճիթում:
Հորական պապիս` Գրիգոր Հովսեփյանի ընտանիքը Վանի Այգեստան թաղամասի չքավոր ընտանիքներից էր: Վանի հերոսամարտի ժամանակ պապս դիրքերում հերթապահության ժամանակ հիվանդանում է թոքաբորբով և մահանում:
Հայրս Այգեստանի թաղամասի իր հասակակից տղաների հետ դատարկ փամփուշտներ է հավաքել Վանի պաշտպանների համար, որոնք դրանք լիցքվորելով պատրաստի փամփուշտներ են սարքել և դիմագրավել թշնամուն, մինչև ռուսական բանակի զորամասերն առաջապահ հայ կամավորական ջոկատների օգնությամբ ազատագրել են Վանը: Բայց շուտով նահանջելու հրաման է եկել և սկսվել է գաղթը:
Հորական տատս` Հռիփսիմեն, տասներկու տարեկան հորս, ինը տարեկան Գուրգեն հորեղբորս և վեց ու չորս տարեկան հորաքույրերիս` Սիրվարդի և Սիրարփիի հետ բռնում են գաղթի ճանապարհը և հասնում Իգդիր: Իգդիրում տիֆից մահանում են տատս և հորս մորաքույրը: Իգդիրում հայրս կորցնում է նաև մանկահասակ քույրերին: Մինչև նա փորձում է հաց հայթայթել նրանց, ենթադրաբար, նստեցնում են որբ երեխաներին հավաքող մանկատների սայլակներից մեկը և տանում: Հարևանների օգնությամբ հայրս և կրտսեր եղբայրը մի կերպ հասնում են Երևան: Երևանում նրանց գտնում է Սիբիրի աքսորից վերադարձած հորս քեռին և փոքրիկ հորեղբորս որդեգրում: Հայրս հարևանների օգնությամբ ապաստան է գտնում նրանց մոտ, կժով ջուր է վաճառում, հարևանների թխած հացերն է վաճառում, մի հարուստ գյուղացու մոտ Երևանում գտնվող կրպակում գինի է վաճառում և իր գոյությունը մի կերպ պահում: Քեռու կինը հորեղբորս դժկամությամբ է ընդունում: Շուտով թունավորումից մահանում է հորս քեռին: Գուրգեն հորեղբայրս մի օր դուրս է գալիս տանից և կորչում: Հայրս ապարդյուն փնտրում է նրան, բայց այդպես էլ չի գտնում: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայրս կոշկակարների մոտ աշակերտելով դառնում է վարպետ կոշկակար: Ծանոթ բարեկամների միջոցով ամուսնանում է մորս հետ և տնփեսա գալիս Կոնդի տուն»: