կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 13:28
Քաղաքական

Խորհրդարանական երկրորդ խոշոր ուժի ստեղծման անհրաժեշտություն կա. ՀՀԿ-ական

Խորհրդարանական երկրորդ խոշոր ուժի ստեղծման անհրաժեշտություն կա. ՀՀԿ-ական

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հնարավոր համագործակցությանը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Ըստ պատգամավորի` մեր քաղաքական դաշտում ամեն ինչ էլ կարող է լինել: «Բացառել չի կարելի, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես կոնկրետ ի՞նչ իմանամ` նրանք կհամագործակցե՞ն, թե՞ ոչ: Դա նրանց գործն է»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով`Սահմանադրության նոր տարբերակը բոլորովին նման չէ խորհրդային կառավարման մոդելին, ինչպես ընդգծել է երկրորդ նախագահը: «Ես զարմանում եմ, ախր: Չեմ հասկանում`ինչպե՞ս կարելի է համեմատել այս երկու մոդելները: Բոլորովին նմանություն չկա խորհրդային համակարգի մոդելի հետ, որովհետև հակառակը` այստեղ դաշտ է բացվում քաղաքական կուսակցությունների գործունեության համար: Քանի որ կուսակցությունների ստեղծումը, պահելը, զարգացնելն ամեն մի առաջնորդի գործը չէ, դրա համար մարդիկ սարսափում են, որ իրենք ևս չեն կարողանում ստեղծել: Ի՞նչն է խանգարում նրանց ստեղծել կուսակցություններ: Էն ժամանակ միայն կոմունիստական կուսակցությունն էր, իսկ հիմա լայն հնարավորություն է տրված կուսակցությունների ստեղծման համար»,- ասաց Հարությունյանը` հավելելով. «Դուք էլ ունեցեք Հանրապետական կուսակցության հզորությունը, ո՞վ է ձեզ խանգարում, որևէ մեկը չի խանգարում, որ Հանրապետականից մի քանի անգամ հզոր կուսակցություններ ստեղծվեն»:

Պատգամավորի խոսքով`կուսակցական շինարարությունն ամենադժվար բնագավառն է, և նրանք, ովքեր այդ բնագավառում հաջողությունների են հասնում, նրանք են առաջնորդ դառնալու իրավունքը ձեռք բերում:

«Չմոռանանք` այսօր չի ստեղծվել Հանրապետականը: Տարիներ շարունակ այդ կուսակցական շինարարությունը եղել է: Կուսակցության շինարարության հիմքում են Աշոտ Նավասարդյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և այլք: Մի հատ հրաշալի հնարավորություն կա երկրորդ հզոր կուսակցության ստեղծման համար: Հիմա ես ուզում եմ կոչ անել քաղաքական գործիչներին` դատարկ ժամավաճառությամբ չզբաղվել, ափալ-թափալ, շատ արագ տեմպով բաց դաշտը լրացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում այդ բաց դաշտը լրացնողի դերում, Հարությունյանը պատասխանեց. «Նրան, ով կունենա խելոք առաջնորդ, հեռատես կլինի: Հեռատես քաղաքական քայլերի շնորհիվ կարող են այդ երկրորդ տեղի նիշը պահել: Ամբողջ պայքարը պետք է ուղղվի երկրորդ խոշոր պառլամենտական կուսակցության ստեղծմանը»: