Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` շատ է կարևորում այն փաստը, որ հայ ժողովուրդը համաշխարհային քաղաքական թոհուբոհում խուսափեց գլոբալ պատերազմից: Ըստ նրա`տարին նշանավոր էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով: «Չնայած շատ տխուր առիթ էր մեր ժողովրդի կյանքում, այնուամենայնիվ, մենք կարողացանք աշխարհին պատշաճ ձևով ներկայացնել այն վայրագությունները, այն ամբողջ ողբերգությունը, որը եկել է մեր ժողովրդի գլխին 1915 թվականին: Շատ եմ կարևորում մեր երկրի ներքաղաքական կայունությունը, որը մի քիչ խաթարեց սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ոչ օբյեկտիվ վերաբերմունքը, հատկապես` ընդդիմության կողմից: Սահմանադրությունը շատ դեպքերում շփոթվեց քաղաքական պայքարի հետ, որը չունեցավ համապատասխան կողմնակիցներ»,- ասաց Հարությունյանը:
Ի դեպ, պատգամավորի բնորոշմամբ` Հայաստանում 2015 թվականի քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն է: «Ես Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործիչ համարում եմ երկրի նախագահին և կարծում, որ ինձ հետ համաձայն կլինեն շատերը: Ինձ համար նա կայացած քաղաքական, պետական գործիչ է, և ես` որպես հայ մարդ, գտնում եմ, որ Սերժ Սարգսյանն անմրցակից քաղաքական գործիչ է: Ինձ հետ համաձայն կլինեն նաև ընդդիմության լիդերները»,- ասաց նա:
Համլետ Հարությունյանն անչափ գնահատում է կանանց, մասնավորապես` քաղաքական դաշտի կանանց: «Հերմինե Նաղդալյանը, Հրանուշ Հակոբյանը, Արփինե Հովհաննիսյանը… Նրանք բոլորն էլ արժանի են իմ գովեստի խոսքերին»,- անկեղծացավ պատգամավորը: «Իսկ Զարուհի Փոստանջյա՞նը»,- հարցրեցինք ՀՀԿ-ականին: «Ես Զարուհի Փոստանջյանին այդ ցանկում չեմ տեսնում: Բացասական իմաստով` այո՛, հենց նա է տարվա կին քաղաքական գործիչը: Կա, չէ՞, բացասական դեր կատարելու համար հոլիվուդյան մրցանակ, նա էլ քաղաքական դաշտում է այդ մրցանակակիրը: Ես պահպանողական մարդ եմ, հետն էլ` ղարաբաղցի: Մենք կանանց էդ տիպարներին չենք ընդունում»,- նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով Ամանորին պատրաստվելու իր պատկերացումներին` նա ասաց. «Իմ տարիքը, իմ աշխարհայացքն այնպիսին են, որ ես պահպանում եմ Ամանոր անցկացնելու` իմ ծնողների տրադիցիան: Ես 50 տարի ապրում եմ Երևանում, բայց միշտ Ամանորն անցկացրել եմ իմ հարազատ Ղարաբաղում` Ճարտար գյուղում, իմ ամբողջ ազգուտակի հետ: Դժբախտաբար, ծնողներս չկան, մեր օջախի ավագը ես եմ մնացել: Մեր սեղաններին ավանդական արցախյան ուտեստներ են լինում: Ինչքան հիշում եմ` մեր սեղաններին ձեռքբերովի բան չկա, տնական բաներ են»:
Պատգամավորը խոսեց նաև իր նախընտրած ոգելից խմիչքների մասին, ասաց, որ այստեղ էլ նախապատվությունը տալիս է ավանդականին` թթի օղի, խաղողի օղի: Նա վստահեցրեց, որ իր` ղարաբաղցի լինելու առավելություններից մեկն էլ այն է, որ շատ է խմում, բայց չի հարբում` իր օրգանիզմը հատուկ դիմադրողականություն ունի խմիչքների նկատմամբ: «Ես երբևէ այնքան չեմ խմել, որ հարբեմ, իսկ այն մարդկանց, ովքեր ունեն այդ խնդիրը, որ հաջորդ օրն ընկնում են, միջոցներ են փնտրում, որ դուրս գան խումարից, առաջարկում եմ` այնքան խմեն, որ հաջորդ օրը կրակի մեջ չընկնեն»,- ասաց ՀՀԿ-ականը:
Հարությունյանը նաև խոստովանեց, որ առանձնապես չի սիրում նվերներ գնել և այդ պատասխանատու գործը թողնում է տիկնոջը: «Ես ընդհանրապես նվերներ գնելուց հեռու եմ: Կինս է այդ հարցերով զբաղվում` իմ տված դրամի շրջանակներում: Չնայած ի՞նչ դրամ: Իբր թե մենք դրա՞մ ենք տեսնում, հա՞, բոլորն էլ կանանց մոտ է: Ինքն է ստանում իմ աշխատավարձը»,- կատակեց նա:
Պատգամավորը նաև մի քանի խորհուրդներ տվեց` թե կապիկի հատկապես ո՞ր հատկությունները կարելի է ընդօրինակել: «Կապիկից պետք է ընդօրինակել էդ ուրախ տրամադրութունը: Կապիկներն ուրախ կենդանիներ են: Լավ կլինի, որ կապիկներից ընդօրինակենք ուրախ վարքագիծը»,- ասաց նա և հավելեց. «Քաղաքական գործիչների մեծ մասը «կապիկներ են», էդ մի բնագավառ է, որտեղ կապիկություն անելն անհրաժեշտ է: Շատ դեպքերում կյանքին հավասար բան է դա: Այսինքն` իրանք էդ չեն, բայց անում են էդ բանը: Կապիկն էլ ա, չէ՞, տենց: Ինչքան ասես կապիկություն անող կա` և՛ իշխանության, և՛ ընդդիմության մեջ: Կապիկը հո մենակ ընդդիմության մե՞ջ չի լինում: Քաղաքական դաշտի «կապիկների» անուններ չեմ նշի, քանի որ կարող եք ինձ հետ չհամաձայնել»,- ասաց Հարությունյանը: