|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հռչակած` ստվերի դեմ պայքարի արդյունքում հնարավոր է ապրանքների գնաճ, ինչը չեն բացառել պետական պաշտոնյաները:
Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` որքանո՞վ է հասարակ քաղաքացուն ձեռնտու ստվերի դեմ պայքարը, եթե դրա արդյունքում արձանագրվելու է գնաճ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ անառողջ մրցակցային երևույթները և գերշահույթներ ստանալու արդյունքում արձանագրվող գների բարձրացումը պետք է հսկի համապատասխան կառույցը` Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը:
Ըստ նրա` կառավարությունը ոչ միայն պետք է ներկայացնի օրենքներ, այլ նաև կանխատեսի այդ օրենքների գործադրման արդյունքում սպասվող սցենարը: Այդ դեպքում զուգահեռ գործում է գների կայունությունն ապահովող մարմինը` ԿԲ-ն: Կառավարությունը պետք է կանխատեսի գների աճը և կիրառի այն գործիքները, որոնք կարող են զսպել այդ գնաճը, որպեսզի ոչ թե խորանա աղքատությունը, այլ կրճատվի այնպես, ինչպես դրա մասին խոսվում է կառավարության ծրագրում:
«Կառավարության ղեկավարը չի կարող տանել գների բարձրացման, որի արդյունքում էլ իր ժողովրդականությունը կարող է կորցնել: Չեմ կարծում, թե ժողովրդի հետագա աղքատացումը բխում է վարչապետի շահերից, չեմ կարծում` ինքը անի մի բան, որի արդյունքում կարող է չընդունվել հասարակության կողմից»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հարկ համարեց նշել, որ տնտեսական ցիկլերի մեջ կա իներցիայի ուժ, և մի քանի ամիս առաջ Հայաստանից հեռացած մարդը կամ գործարարը չի կարող շուտ վերադառնալ, նա դեռ իներցիայի ազդեցության տակ կմնա Հայաստանից դուրս, որքան էլ որ Հայաստանում կառավարությունը փոխված լինի, այսինքն, ըստ պատգամավորի, կոճակ չէ, որ սեղմես, ու միանգամից վիճակը լավանա:
Միքայել Մելքումյանը անկեղծորեն նշեց, որ նախորդ կառավարության առաջ խնդիր էր դրված` դրսից փող բերել` Ռուսաստանից, միջազգային կառույցներից, հետո տեսան, որ էլ չի բավարարում, սկսեցին եվրաբոնդեր անել, բայց հիմա դժվարացել է դրսից փող բերելը, տրանսֆերտներն էլ նվազել են, ու հիմա որոշել են կիրառել ներսում եղած ստվերի կրճատման մեթոդը: Թե ի՞նչ հետևանքների այն կհանգեցնի, ըստ Մելքումյանի, կյանքը ցույց կտա, խոշորները կդիմանան, միջին և միջինից փոքրերի համար արդեն կփոխվեն խաղի կանոնները:
Ըստ պատգամավորի` խոշոր գործարարների խնդիրներն էլ խոշոր չափի են, որովհետև մինչ խոշոր գործարարը խոշոր վարկեր է վերցրել, այդ ընթացքում կրճատվել են իրացման շուկաները, նվազել է նրա արտադրանքի շահութաբերությունը, և անգամ եթե ուզենա վաճառել իր բիզնեսը, գնող էլ չի գտվի: