կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 14:55
Տնտեսական

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրն ուժի մեջ մտավ. Հայաստանի անելիքները

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրն ուժի մեջ մտավ. Հայաստանի անելիքները

2019 թվականի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտավ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր): Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակից:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունները և Հայաստանի Հանրապետության անելիքները» թիվ 7 վերլուծության նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի նման փոքր ներքին շուկա և տնտեսություն ունեցող երկրների դեպքում ինտեգրացիոն միավորումները նաև միջոց են, պատուհան՝ դեպի արտաքին աշխարհ, դեպի՝ նոր շուկաներ: Ասվածի վառ օրինակը կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը:

ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավելի մոտիկից ծանոթ է իրանական տնտեսական քաղաքականությանը, ազգային և գործարար սովորույթներին, ապրանքներին, նրանց կողմից կիրարկվող կրոնական պահանջներին և այլն:

Այս փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:

Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների նկատմամբ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ, այսինքն՝ մաքսատուրքերի նվազեցում: Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ: Իրանական կողմին տրվել է 306 տասանիշ ԱՏԳ դասակարգման ապրանքների սակագնային արտոնություն, իսկ ԵԱՏՄ-ին՝ 303 ութանիշ դասակարգման ապրանքների սակագնային արտոնություն:

Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ,որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, հետևյալն են՝

  • տավարի միս – մաքսատուրքը 26 տոկոսի փոխարեն լինելու է 10 տոկոս,
  • հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ – մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 14 տոկոս,
  • դեղամիջոցներ - մաքսատուրքը 37 տոկոսի փոխարեն լինելու է 18.5 տոկոս,
  • տրիկոտաժե արտադրանք - մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 38.5 տոկոս, և այլն:

Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մաքսային համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լիազոր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել և իջեցնել մաքսատուրքերը, ինչը անկանխատեսելիություն է հաղորդում ներմուծման գործընթացին: Իրավիճակը հստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվել է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում (սառեցում): Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը՝ 5 տոկոս մաքսատուրք, մեղրը՝ 55 տոկոս մաքսատուրք:

Համաձայնագիրը միաժամանակ լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին և ԻԻՀ-ին ընդլայնել և խորացնել արտաքին տնտեսական հարաբերությունները: ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը, ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմներ (GSP, GSP+) նաև Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, կարող է և պետք է դառնա կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծված բանջարեղենը հնարավոր է վերամշակել Հայաստանում և արտահանել այլ երկրներ: Հայաստանում արտադրության կազմակերպումը առավել գրավիչ կդարձնի Մեղրիում տեղակայված ազատ տնտեսական գոտին, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մի շարք հարկատեսակներից:

Երկար սպասված Համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջնահերթություններից մեկը, և այս հանգրվանում նպատահարմար է իրականացնել հետևյալ քայլերը.

  • Համաձայնագրից բխող սակագնային արտոնությունների մասին տեղեկատվություն տարածել՝ հստակ նշելով մաքսատուրքերի նվազեցումները,
  • Համաձայնագրին կից հրապարակել նաև այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրված արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը,
  • Իրանահայերի մասնակցությամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով հայ-իրանական կոոպերատիվ կապերի ստեղծումը,
  • Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում ֆինանսավորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը,
  • Հայրենական արտադրությունը պաշտպանելու նպատակով՝ մշակել և կյանքի կոչել ոլորտային աջակցության պետական ծրագրեր՝ առաջնահերթ համարելով գյուղատնտեսությունը:

ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը կոչված է ամրապնդել հյուսիս-հարավ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, առավել հզորացնել մեր տարածաշրջանի տնտեսական գրավչությունը և բարձրացնել անվտանգության մակարդակը:

ԵԱՏՄ կողմից Իրանի հետ կնքված համաձայնագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար երկրի տնտեսությունը հասցնել բոլորովին այլ մակարդակի։ Սա հնարավորություն է, որից օգտվելու համար անհրաժեշտ է երկրի առջև դրված խնդիրների գիտակցում, դրանք լուծելու հստակ ռազմավարություն, կոնկրետ գործողությունների իրականացման ժամանակացույց, ինչպես նաև համապատասխան բարձրակարգ կառավարիչ թիմ, որը ունակ է ամենօրյա քրտնաջան աշխատանքի միջոցով որակապես նոր շունչ հաղորդել երկրի տնտեսական քաղաքականությանը։

«Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունները և Հայաստանի Հանրապետության անելիքները» վերլուծությունն՝ այստեղ