Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ անելու հարցը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ փոփոխություն անելը պարտադրված է եղել ընդդիմադիր ուժերի պահվածքով: «Տրամաբանությունը մեկն է` ես չեմ ուզում հաշվել, այսինքն` իրենք իրենց հինգ անդամներին արգելել են, որ հաշվեն, որպեսզի հետո հայտարարեն, որ ԱԺ որոշումը լեգիտիմ չէ: Է, դուք չեք ուզում հաշվել, դա չի նշանակում, որ ԱԺ-ն չպետք է որոշում կայացնի: Եթե դիրքորոշումը լիներ ոչ թե դեստրուկտիվ, այլ կոնստրուկտիվ, դա բնականոն կլիներ, բայց այդ պահվածքը մեզ ստիպում է պահովել ԱԺ բնականոն աշխատանքը»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ խնդիրը թվաքանակի մեջ չէ, այլ ստեղծվել է նոր քաղաքական վիճակ, որը տարիների վերաբերմունքի արգասիք է: «Տարիներ շարունակ ինչ ներկայացրել են, չի անցել, և երբ ընդդիմությունը տեսնում է, որ իր նախաձեռնություններից ոչ մեկը չի անցնում, մնում է բոյկոտի տարբերակը, որը նույնպես քաղաքական մեթոդ է: Այնպես որ` քաղում եք այն, ինչի սերմը ցանում եք: Այս վեց խմբակցությունները չեն մասնակցում ամենաարդար համարվող հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց նա:
Չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», հայտարարեցին, որ չեն մասնակցում այդ քվեարկությանը:
«Շատ հստակ է մեզ համար, որ դուք անում եք կոպտագույն սխալ, եթե ոչ` խաբեություն, չի կարելի, դա անազնիվ խաղ է, չի կարելի փոխել խաղի կանոնները ընթացքում, երբ տեսնում եք, որ պարտվում եք: Հենց պարտվում եք, սկսում եք կեղծել ու անազնիվ խաղալ: Համաձայն 24 հոդվածի` հանձնաժողովը ստեղծվում է նստաշրջանի սկզբում ու շարունակվում մինչև հաջորդ նստաշրջան, այնինչ` խաղի կեսին դուք ստեղծում եք նոր հանձնաժողով: Մենք չենք մասնակցի այս բալագանին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Մեզ ժողովուրդն ընտրել է, որ աշխատենք, բայց դուք չեք մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին: Այսօր ՕԵԿ-ն էլ որոշեց չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Հիմա ի՞նչ եք առաջարկում` մինչև սեպտեմբեր որևէ օրենք չընդունե՞նք: Բոյկոտողը դուք եք, չաշխատողը դուք եք: Ձեր ոչ կառուցողական աշխատանքի շնորհիվ է, որ հրավիրել ենք արտահերթ նիստ: Մեր ժողովուրդը մեզ չի ընտրել կապրիզների համար: Մեզ պարտադրում եք, որ մենք չաշխատենք»,- ասաց նա:
68 կողմ և 1 դեմ արդյունքներով որոշումն ընդունվեց: