կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 16:45
Իրավական

Ընկերոջ կնոջը սպանել է 4000 դոլար պարտքը վերադարձնելու պահանջի պատճառով. ուշագրավ փաստեր են աղավաղվել

 Ընկերոջ կնոջը սպանել է 4000 դոլար պարտքը վերադարձնելու պահանջի պատճառով.  ուշագրավ  փաստեր են աղավաղվել

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց անցյալ տարվա մայիսին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում տուժող կողմի բացակայության պայմաններում դատարանում հարցաքննվել էր փորձագետ Էլդա Գրինը, ով կարծիք էր հայտնել որ ամբաստանյալ Սերգեյ Գրիգորյանը սպանության ժամանակ եղել է աֆեկտի վիճակում: Փորձագետի հարցաքննությունից հետո Սերգեյ Գրիգորյանի պաշտպանը միջնորդել էր նշանակել լրացուցիչ փորձաքննություն` հիմնավորելով նրանով, որ եզրակացությունը և փորձագետի ցուցմունքն իրար չեն համապատասխանում:

Այսօր դատարանում սպանված կնոջ՝ Վարդուհի Գրիգորյանի ամուսինը՝ գործով տուժողի իրավահաջորդ Գրիգոր Լավչյանը, դատավորից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են առանց իրենց ներկայության նիստ անցկացրել և նման կարևորագույն հարցերը փորձագետին տվել առանց իրենց ներկայության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հեկտոր Սարդարյանն էլ միջնորդեց բացարկ հայտնել փորձագետին, իսկ նույն փորձաքննությունը բավարարելու դեպքում` դրա կատարումը հանձնաժողովին հանձնել և փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրել:

«Անհասկանալի է, թե ի՞նչ աղբյուներից է հոգեբան-փորձագետն արձանագրել իր եզրակացության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններն այն մասին, թե իբր տուժող Վարդուհի Գրիգորյանը, պահանջելով 10000 ԱՄՆ դոլար և մերժում ստանալով, Սերգեյ Գրիգորյանին ահաբեկել է, որ գումարը չստանալու դեպքում բոլորին կասի իրենց կապի մասին: Հայտնի է, որ քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում նման կապերի մասին տեղեկություններ ամբաստանյալը երբևէ չի հայտնել՝ հետևողականորեն ժխտելով դրանց գոյությունը: Պետք չէ հոգեբանության բնագավառի մասնագետ լինել` հասկանալու համար, որ փորձագետ-հոգեբանը, գոյություն չունեցող տվյալը մտցնելով իր եզրակացության մեջ, ցանկացել է ստեղծել հոգեկան խիստ հուզմունքի վիճակի (աֆեկտ) նկարագիր»,- նշեց Սարդարյանը:

Նշենք, որ, ըստ տուժող կողմի, սպանության իրական դրդապատճառը եղել է Վարդուհի Գրիգորյանի կողմից ամբաստանյալին նախկինում տված 4000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու պահանջը և այդ հարցի կապակցությամբ առաջացած վեճը: Ըստ փաստաբանի՝ այս վարկածն անտեսվել է դատահոգեբանական փորձաքննության ընթացքում, իսկ փորձագետն աղավաղել է գործում էական նշանակություն ունեցող հանգամանքները: Ըստ նրա՝ աղավաղման փաստ է նաև փորձագետի՝ դատարանում տված այն ցուցմունքը, թե իբր առաջին կրակոցից հետո աֆեկտի վիճակը շարունակվել է: Փորձագետը նշել էր բառացիորեն հետևյալը. «Էլի նորից անհարգալից վերաբերմունք է դրսևորվել, ուստի աֆեկտի վիճակը շարունակվել է, և հետևել է երկրորդ կրակոցը»: Այս կապակցությամբ Հեկտոր Սարդարյանը նշեց. «Այսինքն, ըստ փորձագետի, տուժողը, մահացու վնասվածքով փորձելով դուրս փախչել հանցագործի ավտոմեքենայից, վերջինիս նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք: Այսքանից հետո զարմանալի չէր լինի, որ փորձագետը հայտարարեր, թե Սերգեյ Գրիգորյանի կատարածը հանցագործություն չէ, այլ տուժող կողմի դրսևորած անհարգալից վերաբերմունքի բնական արձագանք. բա մարդուն վիրավորել են, նա էլ տառապում է շաքարային դիաբետով ու հիպերտոնիայով, գրգռված վիճակում է, այդ պայմաններում ինչպե՞ս չսպաներ»:

Տուժող կողմը կարծիք հայտնեց, որ դատարանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը բավարարելու դեպքում նույն փորձագետ Էլդա Գրինին չպետք է հանձնարարի դրա կատարումը, քանի որ ակնհայտ է նրա անձեռնհասությունն ու սպասվելիք եզրակացության բովանդակությունը:

Այսպիսով` դատարանը բավարարեց դատահոգեբանական և դատահոգեբուժական լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու  և փորձագետներին մի շարք հարցեր, այդ թվում՝ տուժող կողմի առաջարկած հարցերն առաջադրելու` պաշտպանի միջնորդությունը: Փորձաքննության կատարումը դատարանը հանձնարարեց գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամկետով:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ