Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բնակչուհի Արաքսյա Թորոյանը, ով իր 4-ամյա դստեր հետ բնակվում է վարձով, վեց ամիս է, ինչ ստում է երեխային` ասելով, որ հայրը գտնվում է ՌԴ-ում: Սակայն իրականում ամուսինը` 25-ամյա Գևորգ Գևորգյանը, կես տարի է` գտնվում է կալանքի տակ:
Արաքսյան մեզ հետ զրույցում պատմեց, որ ամուսինը մինչև կալանավորվելն աշխատել է որպես տաքսու վարորդ: «Փետրվար ամիսն էր, ամուսնուս զանգահարեց ընկերը` Միշա Ալիյանը, ով նույնպես տաքսու վարորդ է, և խնդրեց օգնել իրեն իրանցի երկու քաղաքացիների տեղափոխելու հարցում` պատճառաբանելով, որ ինքը նրանց լեզուն չի հասկանում»,- պատմեց կինը, այնուհետև մեջբերեց ամուսնու պատմածները, ըստ որի` Խանջյան փողոցում իրանցիներին իջեցնելուց հետո նրանք հրաժարվել են գումար տալ, և ինքը ստիպված 4000 դրամ խլել է ուղևորներից մեկից, այնուհետև նստել իր մեքենան:
«Հետո, ամուսնուս խոսքով, ինքը տեսել է, թե ինչպես է Միշա Ալիյանը պարսիկի վզին դանակ դրել և վերցրել դրամապանակը, որտեղ փաստաթղթեր են եղել, գումար»,- ասաց Արաքսյան և հավելեց, որ գողացված գումարի հետ իր ամուսինն առնչություն չունի, և որ անգամ առերեսման ժամանակ իրանցին ասել է, որ իրեն սպառնացողը Գևորգը չի եղել, այլ կակազող տղան, այսինքն` Միշան: Կինը նաև հայտնեց, որ քննիչներն իրեն հավատացրել են, որ Միշան հետախուզման մեջ է, սակայն, իր տեղեկություններով, նա պարբերաբար տեսնում է կնոջն ու երեխային:
Նա նաև նշեց, որ կալանավայրում ամուսնուն զանգահարել են ինչ-որ անձինք և խոստացել 4000 դոլարի դիմաց նրան ազատ արձակել: «Մեզ որտեղի՞ց այդքան գումար, որ վճարենք, կամ էլ ինչո՞ւ պետք է իմ ամուսինը պատասխան տա մի բանի համար, ինչը չի արել: Այո’, թող էլի դատեն, բայց միայն արածի համար»,- ասաց կինը:
Նշենք, որ Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 175 -րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի` նա, Միշա Ալիյանի հետ նախնական համաձայնության գալով, Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում սպառնալիքի գործադրմամբ, ավազակային հարձակմամբ ԻԻՀ քաղաքացիներ Ֆարզադ Ռաուֆիբորոուջենիից խոշոր չափի` 2000 ԱՄՆ դոլար, իսկ Այուբ Բահլաքեհից` 8.000 ՀՀ դրամ գումար է հափշտակել:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: