կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-19 15:51
Քաղաքական

Օրինագիծը մի փոքր աղավաղվել և սխալ է մեկնաբանվում. Արարատ Միրզոյանը` տրանսֆերտների հարկման մասին

Օրինագիծը մի փոքր աղավաղվել և սխալ է մեկնաբանվում. Արարատ Միրզոյանը` տրանսֆերտների հարկման մասին

Առանց լայն հանրային քննարկման` որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկին:

Նրա խոսքով` օրինագիծը մի փոքր աղավաղվել և սխալ է մեկնաբանվում: «Գաղափարը հետևյալն է` կա միտք` ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ու եթե դա կյանքի կոչվի, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես դա հիմա անում են համապատասխան պաշտոն զբաղեցնողները: Նախ` պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան, և նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որեւէ եկամտի կրկնակի հարկումը: Այսինքն` չի կարող պատահել, որ որևէ մեկն իր եկամտից Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում հարկ է վճարում, ու մի հատ էլ Հայաստանում են հարկում»,- ասաց Միրզոյանը:

Ըստ նրա` այս թեման նաև այլ նրբերանգներ ունի: «Չեմ ուզում խորանալ, քանի որ դեռ գաղափար է, պետք է քննարկվի, թե որքանով երկիրը կարող է շահել, քաղաքացիները որքանով կարող են շահել, որքանով՝ ոչ»,- եզրափակեց  նա:

Նշենք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որի համաձայն` 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն` սրանով պետք է հարկվեն նաև դրսից մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք: