Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետևանքով նաև մեր խնդիրներն ի հայտ եկան. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա` վերջերս ի հայտ եկան կայքեր, որոնք ո\'չ խմբագիր ունեին, ո\'չ էլ` լրագրողներ. նույն պատկերն էր, ինչ 2013-ին` նախընտրական շրջանում
«Ահռելի քանակի անհեթեթ տեղեկատվություն սկսեց տարածվել, այդ թվում` տեսանյութեր, որոնք կա\'մ ուկրաինական դեպքերից էին վերցված, կա\'մ էլ զորավարժություններից: Այս ամենը, բնականաբար, հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում հասարակության շրջանում, ինչպես նաև իր ազդեցությունն է թողնում տեղեկատվական դաշտի վրա»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` հարցի լուծման համար ելքերը, ցավոք, քիչ են. պահանջը, թե անհրաժեշտ է գրաքննություն մտցնել, Մարտիրոսյանն այնքան էլ ճիշտ չի համարում: «ԶԼՄ-ներին զսպելու գործառույթը, ի շահ հասարակության, ընդամենը երկու շաբաթ կաշխատի, հետո արդեն չինովնիկները դա կարող են օգտագործել հակակոռուպցիոն նյութերն արգելափակելու համար: Պետք է ընդամենը հասկանալ` տեղեկատվությունը սննդի պես բան է, երբ խանութ ենք գնում, փչացած սնունդ գնելուց խուսափում ենք, իսկ երբ այն, այնուամենայնիվ, գնում ենք, մեր հարևաններին խորհուրդ ենք տալիս այլևս չգնել այդ ֆիրմայից որևէ բան: Նույնը պետք է նաև տեղեկատվական կայքերի հետ արվի: Այսինքն` եթե լրահոսում յուրաքանչյուր երկրորդ բառը «ՇՏԱՊ»-ն է, ընթերցողն ուղղակի չպետք է բացի այդ կայքը»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա` այն, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներքին դաշտը փակել, ինֆորմացիա չտալ զոհերի մասին, մի օր պայթելու է: Մարտիրոսյանի խոսքով` Ադրբեջանում վերահսկվում են նաև սոցիալական կայքերը, սակայն ինֆորմացիան, մեկ է, ինչ-որ տեղից դուրս գալիս է, թեև նույն արագությամբ էլ արգելափակվում է:
Մարտիրոսյանը կարծում է նաև, որ ադրբեջանական կողմին պետք չէ պատասխանել իր լեզվով, այսինքն` ստեղծել կեղծ կայքեր և ապատեղեկատվություն տարածել: «Խնդիր չկա ապատեղեկատվություն տարածելու, հերիք է միայն տեղեկատվություն տարածել: Բանն այն է, որ Ադրբեջանում ընդդիմադիր կայքեր էլ գոյություն չունեն, և ընթերցողը կամաց-կամաց գալիս է հայկական մամուլ»,- ասաց նա:
Մասնագետը նշեց նաև, որ իրավիճակում, երբ սահմանին լարված է, ՊՆ-ն պետք է դուրս գա մամլո հաղորդագրություններ տարածելու ձևաչափից և անցնի բրիֆինգներին, քանի որ մամլո հաղորդագրությունների ձևաչափը վաղուց արդեն սպառել է իրեն: